armtimes.com-ի տեղեկություններով, Մարտի 1-ի գործով հարցաքննվել է նաեւ ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը:

Նույն այդ տեղեկություններով, նա սույն գործի շրջանակում վկայի կարգավիճակ ունի:
Տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ ՀՔԾ-ից, սակայն այս անգամ եւս ՀՔԾ-ի պատասխանը նույնն էր. «Չենք մեկնաբանում»:

Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանն ավելի վաղ լրագրողների հետ զրույցում հայտնել էր, որ Օսկանյանը լիքը փաստեր գիտի, որը պետք է հանրությանը ներկայացնի, թե Մարտի 1-ին նախորդող օրերին ի՞նչ են որոշել ինքը եւ Ռոբերտ Քոչարյանն այն շտաբի շրջանակներում, որտեղ իրականացվեցին այդ գործողությունները:

Նշենք, որ ըստ փաստահավաք խմբի` Մարտի 1-ի իրադարձություններից առաջ Բ26-ում գաղտնի շտաբ է գործել, որում ընդգրկված է եղել նաեւ Վարդան Օսկանյանը:

Ավելի վաղ Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել են նաեւ Սերժ Սարգսյանը եւ Լեւոն Տեր-Պետրոսյանը:


