«Եթե առանց ցավազրկման կատվի եղունգները կտրելը կամ խոզին ամորձատելը շատերին չի վնասի, ասել է, թե այնտեղի գրած ախմախություններից շատերը չեն տուժի, այստեղի գրած անհեթեթություններից տուժելու են հազարավոր քաղաքացիներ և օրենքը կրկին չի գործելու: Ձեր վիճակը վիճակ չէ: Եթե վիճակ լիներ՝ կեղծիքներ չէիք անի: Խորհրդարանում մեկդ մյուսի փոխարեն քվեարկելով օրենք եք ընդունում: Եթե ոմանց համար փողը Աստված է, կամք կատարելը՝ հպարտություն, կեղծելը՝ կենսակերպ, ինչի՞ մասին եք խոսում: Ավելին, շրջվել մեզ եք մեղադրո՞ւմ: Քառյակի մասին եք խոսու՞մ: Պահեիք ձեր քառյակը: Ավելին ասեմ. ՀՀԿ-ից շատերը լինելու են եկող իշխանության մեջ. նրանք, ովքեր չեն մեղանչել, փողը Աստված չեն դարձրել, չեն կեղծել: Բրյուսելից Աստանա՝ խայտառակություն է: Արտաքին ներդրումների առումով երկիրը կործանվում է: Փոքր շուկան ոչնչանում է, արտագաղթը սպանում է երկիրը: Սերժ Սարգսյանը, ինքն էլ երևի չէր հասկացել, ելույթում ասում է.այնքան ուժեղ ներգաղթ պետք է լինի, ինչքան արտագաղթն է: Ո՞վ է սրանում մեղավոր, ընդդիմությո՞ւնը: Երեկ, մեղա քեզ Տեր Աստված, ընդդիմությանը մեղադրում էին Հայաստանը կործանելու մեջ: Այ քեզ բան...»,-ԱԺ-ում ելույթի ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանը:
Անդրադառնալով «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխություններին՝ պատգամավորը նկատեց. «Չեն հասցրել համադրել հին և նոր օրենքները: Որոշ հոդվածներ copy paste են արել: Օրինակ՝ ասվում է. Անձը սույն օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի դիմումը ներկայացվում է..., կամ 1974 թվականի հունավրի 1-ից ծնված ՀՀ հանրային ծառայության մասին ՀՀ օրենքով նախատեսված հանրային ծառայողների վրա...հասկացա՞ք: Եվ 10 օր հետո այս օրենքը պետք է գործի՞»:
Անի Կարապետյան