▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային ծրագրերին մասնակցությունը կարևոր ներդրում է փոխպատվաստման ոլորտի զարգացման գործում․ Բժիշկ

ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը մարտի 17–20-ը մասնակցել է Եվրոպական օրգանների փոխպատվաստման ընկերության (European Society for Organ Transplantation, ESOT) կողմից կազմակերպված Preceptorship ծրագրին Պրահայի Կլինիկական և փորձարարական բժշկության ինստիտուտում (IKEM)։

IKEM-ը (Institute for Clinical and Experimental Medicine) Եվրոպայի առաջատար փոխպատվաստման կենտրոններից է, որտեղ իրականացվում է Չեխիայում կատարվող լյարդի, երիկամի, սրտի և այլ օրգանների փոխպատվաստումների շուրջ 60–70%-ը։ Կենտրոնի ակտիվությունը բավականին տպավորիչ է. տարեկան իրականացվում են հարյուրավոր փոխպատվաստումներ, այդ թվում՝ շուրջ 150 լյարդի փոխպատվաստում։ IKEM-ն ունի մեծ ռեանիմացիոն հնարավորություններ և բազմապրոֆիլ թիմային կառուցվածք, որտեղ հաջողությամբ համադրվում են կլինիկական գործունեությունն ու փորձարարական հետազոտությունները։

Ծրագրի ընթացքում իրականացվել են բազմաբնույթ մասնագիտական այցեր և քննարկումներ՝ ընդգրկելով փոխպատվաստման կենտրոնի կլինիկական բաժանմունքները, աֆերեզի և դիալիզի ծառայությունները, ինչպես նաև HLA լաբորատորիան և մոլեկուլային ախտորոշման հնարավորությունները։ Մասնակիցները ծանոթացել են նաև պաթոլոգիայի բաժանմունքի աշխատանքին՝ Banff 2022 դասակարգման և հակամարմիններով միջնորդավորված մերժման (AMR) ժամանակակից գնահատման սկզբունքների շրջանակում։

Կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են ռետրանսպլանտացիայի առանձնահատկությունները, DSA-դրական (դոնորի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմիններ ունեցող) հիվանդների ընտրությունը, ինչպես նաև AMR-ի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները։ Մասնակիցները ծանոթացել են anti-HLA գնահատմանը, DSA մոնիտորինգին, ինչպես նաև dd-cfDNA և MMDx (մոլեկուլային մանրադիտակով ախտորոշման) տեխնոլոգիաներին։

Ծրագիրն իրականացվել է բազմամասնագիտական մոտեցմամբ՝ ներառելով բարդ կլինիկական դեպքերի քննարկումներ, որոնցում համատեղ ներգրավված էին վիրաբույժներ, նեֆրոլոգներ և իմունոլոգներ՝ ապահովելով հիվանդների կառավարման համապարփակ և ժամանակակից մոտեցում։

Բժշկի գնահատմամբ` նման միջազգային ծրագրերին մասնակցությունը կարևոր ներդրում է Հայաստանի փոխպատվաստման ոլորտի զարգացման գործում՝ նպաստելով նորագույն գիտելիքի և փորձի ներդրմանը, մասնագիտական կարողությունների բարձրացմանը և միջազգային համագործակցության ամրապնդմանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն далее