Հայերն ընդվզում են Փաշինյանի դեմ, ճանապարհները փակ են, վաղ առավոտյան սկսվել են ձերբակալությունները, գրում են ռուսական մի շարք լրատվամիջոցներ՝ նշելով, որ քաղաքացիները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ «Փակ են դեպի Իրան տանող մայրուղիները, Երևան-Արմավիր ճանապարհը և մայրաքաղաքի մի քանի տասնյակ փողոցներ։ Ոստիկանության աշխատակիցներն արդեն սկսել են բերման ենթարկել ցուցարարներին»,- գրում է Известия-ն։ «Մայիսի 26-ին Երևանում բողոքի զանգվածային նոր ալիք բարձրացավ։ Հազարավոր մարդիկ հավաքվեցին Հանրապետության հրապարակում՝ ծածանելով Հայաստանի դրոշը։ Կառավարության շենքի մոտ մարդիկ կանգնած էին ագրելապատնեշների հետևում, ոստիկանությունը շրջափակել էր շենքը։ Փակ էին քաղաքի կենտրոնական փողոցները։ Ցուցարարները շարժվեցին դեպի կառավարական ամառանոցներ, որտեղ հանդիպում պահանջեցին վարչապետի հետ, սակայն հանդիպմանը չսպասելով՝ վերադարձան Հանրապետության հրապարակ»,- գրում է Anadolu-ն։ «Բողոքի ակցիայի առաջնորդ, Հայ Առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը (Բագրատ Սրբազան) նախօրեին կոչ արեց այս երկուշաբթի առավոտյան ժամը 08։00-ից փակել բոլոր ճանապարհները՝ բացի Լոռու և Տավուշի մարզեր տանող ճանապարհներից»,- նշում է Eadaily-ն։ «Տավուշը հանուն հայրենիքի» ընդդիմադիր շարժման աջակիցները բողոքի ցույցերի են դուրս գալիս մայիսի սկզբից։ Քաղաքացիները պահանջում են վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ դժգոհելով նրա քաղաքականությունից, այդ թվում՝ Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում։ Ներկայիս իշխանությունն Ադրբեջանին է զիջում իր տարածքները Տավուշի մարզում»,- հաղորդում է Ռուսաստանի «Առաջին ալիքը»։ «Սահմանամերձ շրջանների բնակիչները շարունակում են բողոքել Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից»,- գրում է Radio Free Europe-ը։ «Բազմահազարանոց հանրահավաք Հայաստանում՝ ընդդեմ Ադրբեջանին հողերի հանձնման»,- գրում է VOA news-ը։ Իր հերթին, Agence France-Press-ի թղթակիցը հայտնում է, որ նախօրեին մի քանի հազար մարդ է հավաքվել Երևանի կենտրոնում։ «Նրանց առաջնորդել է խարիզմատիկ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանը»,- նշում է լրատվամիջոցը։ «Մեր ժողովուրդը ցանկանում է փոխել դառը իրականությունը, որը պարտադրվել է մեզ»,- AFP-ն մեջբերում է Գալստանյանի խոսքը։ Associated Press գործակալությունն էլ հայտնում է․ ««Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը ձևավորվեց այն բանից հետո, երբ Հայաստանն ապրիլին համաձայնեց Ադրբեջանին հանձնել չորս գյուղերի վերահսկողությունը: Թեև գյուղերը շարժման հիմնական խնդիրն էին, այն ընդլայնվեց՝ դժգոհությունների լայն շրջանակ հայտնելով Փաշինյանին և նրա կառավարությանը»։ |
Միջազգային մամուլի արձագանքը՝ Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet