▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա-Բաքու-Աստանա առանցքը և ադրբեջանական ագրեսիան

Վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող լարվածությունը ընթացիկ տարվա իրադարձությունների համատեքստում լուրջ աղերսներ  ունի Ղրիմի` Ռուսաստանի կազմ անցնելու և ՀՀ՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված:

Ադրբեջանական զինված ուժերի հերթական ռազմական արկածախնդրությունը մեկնաբանվել և մեկնաբանվում է տարբեր կերպ: Շրջանառվում են հիմնականում երեք տեսակետներ: Առաջին տեսակետի համաձայն, Ադրբեջանը չէր կարող լայնածավալ հարձակողական գործողություններ իրականացնել, առանց Ռուսաստանի «դաբրոյի»: Կրեմլը նպատակ է դրել ինչպես մեր տարածաշրջանում, այնպես էլ տարածաշրջանից դուրս կրկին ամրագրել այն փաստը, որ մեր տարածաշրջանում որևէ գործընթաց չի կարող ընթանալ, առանց իր մասնակցության: Ռուսական դիվանագիտության նպատակադրումը վերջնական տեսքով ի մի բերվեց Սոչիում: Երկրորդ տեսակետը բովանդակում է այն մասին, որ ադրբեջանական զինուժի կողմից սանձազերծված դիվերսիոն-հետախուզական գործողությունները ծրագրված են Բաքվում պետական մակարդակով և նպատակ են հետապնդում ռազամահոգեբանական առավելություն արձանագրել հայկական զինուժի նկատմամբ` ադրբեջանական դիվանագիտության համար շահավետ հարթակ կառուցելու նպատակով: Երրրորդ տեսակետը, որ առավել քիչ տարածում ունի երկու հակամարտող կողմերի շրջանում, առաջ է տանում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովի ինքնահաստատման վարկածը, ով, կանգ չառնելով մարդկային և նյութական կորուստների առջև, առանց դադարի ցանկանում է լուրջ հարվածներ հասցնել հայկական զինուժին, այդպիսով վստահություն փոխանցել ադրբեջանական բանակի բարոյալքված ստորաբաժանումներին և որ ամենակարևորն է, բարձրացնել բանակի հեղինակությունը ադրբեջանական հասարակության շրջանում:

Թե´ առաջին, թե´ երկրորդ և երրորդ տարբերակների պայմաններում ակնհայտ է Ադրբեջանի պետական մարմինների ձախողումը, քանզի հայկական զինուժը հերթական անգամ ապացուցեց, որ ամուր կանգնած է իրեն վստահված դիրքերում և մտադիր չէ նահանջել կամ թույլ տալ հակառակորդին առավելության հասնել ռազմական գործողությունների ընթացքում: 1994 թ.-ից հետո առաջին անգամ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը ի վիճակի չեղավ սքողել այն հանգամանքը, որ ադրբեջանական զինուժի կորուստները եղել են հենց հայկական գնդակի դիպուկ հարվածի արդյունքում, այլ ոչ պատահականությամբ: Այս անկեղծությունը հարուցեց նույնիսկ ադրբեջանական որոշ լրատվամիջոցների անկեղծ զարմանքը, որոնք շնորհակալություն հայտնեցին ՊՆ-ին զոհերի անունները հրապարակելու համար:

Այնումենայնիվ, հարկ է ևս մեկ անգամ ամրագրել բոլորին հայտնի մի իրողություն, որը սերտորեն առնչվում է վերոնշյալ առաջին տեսակետի հետ: Մեր տարածաշրջանի պետությունների քաղաքական գործելակերպը չի կարող լիովին անկախ բնույթ կրել, և մեծապես, եթե ոչ ամբողջովին, կախված է գերտերությունների ընդհանուր ռազմավարությունից և տվյալ պահին նրանց խաղաքարտերի դասավորությունից: Այնպես որ պատահական չեն ոչ´ ադրբեջանցիների ակտիվությունը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Սոչիում կայացած հանդիպումից առաջ, ոչ´ էլ դրան նախորդող իրադարձությունները, որոնց պատճառահետևանքային կապի բացահայտումը թույլ է տալիս նոր մեկնաբանություն տալ ստեղծված իրավիճակին:

Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի որոշումը ոչ միանշանկորեն ընդունվեց մեր հասարակությունում: Բարեբախտաբար, ուկրաինական սցենարը չկրկնվեց, բայց, ամեն դեպքում, մինչ օրս կան անհատներ, քաղաքական և հասարակական խմբավորումներ, ովքեր կտրականապես դեմ են Հայաստանի` Մաքսային միությանն անդամագրվելուն: Այս խմբավորումները և անհատները չեն բացառում մայդանի գոյությունը Երևանում, և էական չէ ո´չ զոհերի, ո´չ էլ նյութական կորուստների հավանական առկայությունը:

Ավանդաբար Եվրասիական միության հիմնադիր հայրը համարվող Ն. Նազարբաևը, ով առաջ է քաշել այս միության գաղափարը և բազմաթիվ շնորհակալական խոսքերի արժանացել ռուսաստանյան և բելոռուսական իշխանությունների կողմից, մշտապես շեշտադրել է այս միությունը չքաղաքականացնելու կարևորությունը և գլխավորապես մատնանշել տնտեսական գործոնի խիստ առաջնահերթությունը: Բայց պետք է, մեղմ ասած, միամիտ լինել հավատալու համար, թե այս միությունը միայն տնտեսական կապերով միավորված կառույց է ներկայացնելու իրենից:

Իսկ ինչպես և ինչու հենց Ն. Նազարբաևը: Հետևելով ուկրաինական հայտնի իրադարձություններին` Ղազախստանի նախագահը շտապեց անմիջապես կազմակերպել քաղաքական մի ներկայացում, որի գլխավոր մեխը իր <<ընկեր>> Իլհամ Ալիևի նամակն էր: Մեր վերլուծությունները զգայական դաշտում դարձյալ գերակայեցին սառը դատողությանը, և շտապեցինք հարցադրել և չհասկանալ, թե ինչու՞ են ղազախները նման կերպ վարվում հայերի հետ, եզրակացնել, որ իսլամական աշխարհի ներկայացուցիչները համագործակցում են իրար հետ, իսկ մենք` ոչ: Նույնիսկ բանը հասավ սրտակից ընկերությանը: Սակայն մեծամասամբ մոռացանք այն պարզ ճշմարտությունը, որ քաղաքականության մեջ ընկերություն չի կարող լինել, և դա ընդամենը Ղազախստանի նախագահի պաշտպանական ուղղվածություն ունեցող քայլն էր իր իսկ պետության անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը պահպանելու համար: Ինչու՞: Քանզի Ղազախստանի տարածքի մի հսկայական մասում բնակվում է ռուսախոս բնակչություն: Այս տարածքները (5 շրջաններ) խորհրդային իշխանության տարիներին, անջատվելով ներկայիս Ռուսաստանի տարածքից, միացվել են սկզբում ղազախական ինքնավար, իսկ 1936 թ.-ից` միութենական հանրապետությանը: Խորհրդային քաղաքականությանը բնորոշ սահմանների  ձևախեղման այս գիծը առաջ է տարվել գլխավորապես քաղաքական նպատակներով, առանց հաշվի առնելու էթնիկական և պատմական գործոնները: 1991 թ.-ից հետո ինչպես նախկին միութենական այլ հանրապետություններում, Ղազախստանում նույնպես ծառացավ այս լուրջ հիմնախնդիրը:

Անկախություն ձեռք բերելուց հետո Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաևը շատ ջանքեր է գործադրել ռուսալեզու բնակչությունը մինիմումի հասցնելու և ապառուսաֆիկացման քաղաքական գիծը հաջողությամբ իրագործելու համար: Նա արձանագրել է որոշակի հաջողություններ: Բայց տեսնելով Ղրիմի հետ կատարվածը` ինչպես ղազախստանյան, այնպես էլ ռուսական վերլուծական կենտրոնները հանդես եկան հոդվածների ու վերլուծականների տարափով` համեմատականներ անցկացնելով Ղրիմի ու հյուսիսային Ղազախստանի միջև: Մինչ օրս շրջանառվում է այն միտքը, որ Ղրիմին հաջորդելու է հյուսիսային Ղազախստանը: Տվյալ իրադրության պայմաններում նախագահ Նազարբաևին մնում էր արցախյան հակամարտության <<հաշվին>> արձանագրել, որ բոլոր երկրները պետք է Մաքսային միություն մտնեն միմիայն ամրագրված սահմաններով` քաղաքական առաջանցիկություն ապահովելով Հ. Ալիևի, բայց որ ամենակարևորն է, հենց Ղազախստանի տարածքային ամբողջականության համար:

Դա մի քանի ամիս առաջ, բայց ներկայումս նույնիսկ տեղեկություններ են շրջանառվում. որ Ն. Նազարբաևը հրաժարվել է Եվրասիական միության գաղափարից: Իսկ որ±ը կարող է լինել դրա պատճառը. Ն. Նազարբաևի թիմում առկա Եվրասիական միության ստեղծման դեմ գործող ընդդիմությունը, թե՞ Պուտինի ակնկալվող քայլերը հյուսիսային Ղազախստանում գտնվող ռուսալեզու բնակչությանը պաշտպանելու ուղղությամբ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ պաշտոնական Աստանան իր կողմնորոշիչ սլաքը թեքել է թյուրքական մեծ միություն ստեղծելու գաղափարի վրա, թուրքալեզու բնակիչներին մեկ միության սահմաններում միավորելու, նրանց կենտրոնը Աստանան հռչակելու ակնկալիքով: Ադրբեջանը, բնականաբար, մաս կկազմի այս միությանը, որպես թյուրքալեզու պետություն, և հենց այս ֆոնի վրա շատ տրամաբանական է Ալիև-Նազարբաև համագործակցությունը:

Մաքսային միությունը ինչ որ մասով Ղազախստանի տարածքային ամբողջականության պահպանման նպատակին էր ծառայելու, բայց Ղրիմի հետ կատարվածը ամենայն հավանականությամբ խիստ կասկածներ է առաջացրել Ն. Նազարբաևի մոտ թե´ Ռուսաստանի հետ միևնույն դաշինքի մեջ մտնելու, թե´ հետևաբար Ղազախստանի պետական անվտանգության տեսանկյունից:

Մի կողմից Մաքսային միության կազմակերպման կասկածելի ընթացքը, մյուս կողմից Ադրբեջանի շահավետ դիրքը Ռուսաստանի հետ հարաբերություններում թույլ է տալիս ակտիվանալ ադրբեջանական զինուժին, հարձակումներ սկսվել մի քանի ուղղություններով: Այսինքն, ադրբեջանական զինուժի ակտիվացումն ունի ավելի խորքային պատճառներ, և նպատակ է հետապնդում ոչ միայն ռազմական և հոգեբանական առավելություն արձանագրել հայկական զինուժի նկատմամբ, այլև առավել կազմակերպված խաղալ Ռուսաստանի և Ղազախստանի միջև հասունացող լարվածության ֆոնին՝ միաժամանակ լուծելով ներքաղաքական և ներհասարակական որոշ խնդիրներ:   

Փաստորեն, ինչ է ստացվում: Աստանան ուղիներ է փնտրում իր տարածքային ամբողջականությունը պահպանելու և Ուկրաինայի ճակատագրին չարժանանալու համար` նույնիսկ մի կողմ դնելով Եվրասիական միության գաղափարը, իսկ պուտինյան վարչակարգը Ղրիմի՝ Ռուսաստանին միանալուց հետո ժողովրդագրական խնդիր է լուծում` ուկրաինացի փախստականներին բնակեցնելով գլխավորապես Սիբիրում: Օգոստոսի 10-ին Սոչիում կովկասյան տարածաշրջանով առժամանակ չզբաղվելու իմիտացիան հստակեցվեց. Ռուսաստանը դարձյալ ամրագրեց տարածաշրջանում իր դիրքը, և հերթական անգամ հայ-ադրբեջանական կողմերը մատնանշեցին, որ հակամարտության լուծումը չի կարող կյանքի կոչվել, առանց Ռուսաստանի գործուն մասնակցության:

Սույն ժամանակահատվածում մեզ մնում է հավատ ընծայել առաջին հերթին մեր զինուժին: Բանակի մոտեցումը տվյալ պարագայում շատ հստակ է. <<Քաղաքականությամբ թող զբաղվեն քաղականությամբ զբաղվողները>>, իսկ բանակն ու զինվորը իրականություն են դարձնում մեկ նվիրական գաղափար` հայրենի հողի պաշտպանությունը: Մնացյալ նամակները, միություններն ու հանդիպումները չեն հետաքրքրում դիրքապահ զինվորին: Եվ դա է ամենաուրախալին:

 

 

«Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի

գիտավերլուծական կենտրոնի փորձագետ

Կարո Ժամխարյան

 

 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее