Մոսկվայի հյուսիսում գտնվող մասնավոր ատամնաբուժարանում հայազգի տղամարդը դանակով հարձակվել է բժշկի վրա։ Նախնական տվյալներով՝ պացիենտին դուր չի եկել ատամների բուժման արդյունքը։ «Gazeta.Ru»-ի տեղեկություններով՝ խոսքը հայտնի պրոդյուսերի մասին է, ում ընկերությունը, մասնավորապես, արտադրել է «Սրիկաները» («Сволочи») ֆիլմը։ Այժմ նրան ազատազրկում է սպառնում սպանության փորձի համար։
Հայտնի են դարձել նաև միջադեպի մասնակիցների անունները։ Տուժածը 40-ամյա ատամնաբույժ Ջամալ Ադիլովն է, հարձակվողը 59-ամյա Մուրադ Հովհաննիսյանն է, ով ինքն է ներկայացել ոստիկանության բաժին, հայտնում է Telegram-ի 112 ալիքը։
«Նա ոստիկաններին ասել է, որ իրեն դուր չի եկել ատամների բուժման արդյունքը»,- ասվում է հրապարակման մեջ։
Ինչպես հաղորդում է Mash Telegram-ալիքը, խոսքը «Պարադիզ» պրոդյուսերական կենտրոնի նախկին գլխավոր տնօրենի մասին է, որը թողարկել է «Սրիկաները» ֆիլմը:
Հովհաննիսյանին են պատկանում նաև «Պարադիզ վիդեոն», «Պարադիզ դիջիթալը» և «Պարադիզ մեդիան։ «Սակայն այժմ այս ամենն անցյալում է. վերջին երկու տարվա ընթացքում Հովհաննիսյանի բոլոր ընկերությունները փակվել են, և նա թողել է նաև գլխավոր տնօրենի պաշտոնը։ Վաղը տղամարդու ծննդյան օրն է, իսկ այսօր նրան տանում են Մոսկվայի Քննչական կոմիտե` հարցաքննության, և հարց է` ազատ կարձակեն մինչև տոներ, թե ոչ»,- գրում է Mash -ը։