Ապրիլի 14-ին՝ ժամը 22։20-ի սահմաններում, ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի զենքով հարձակվել է «Մուրացան» հիվանդանոցում աշխատակցի վրա և ծեծի ենթարկել, հայտնում է shamshyan.com-ը։
Պարզվել է, որ նշված հիվանդանոցի անվտանգության աշխատակից Վահագն Շիրինյանը ծառայության մեջ է եղել, երբ մի քաղաքացի փորձել է մտնել հիվանդանոց, սակայն Վ․ Շիրինյանը նրան հայտնել է, որ այդ ժամին նշված վայրով արգելվում է մուտք գործել հիվանդանոց, ինչը զայրացրել է այդ քաղաքացուն, և ըստ Վ Շիրինյանի ահազանգածի՝ այդ քաղաքացին զենքով հարձակվել է իր վրա, ծեծի ենթարկել, պատճառելով մարմնական վնասվածք, որից հետո մի խումբ անձինք ժամանել են հիվանդանոց և շարունակել խոչընդոտել իրենց աշխատանքը, հարձակվել ու հարվածներ են հասցրել, ինչը ֆիքսվել է նաև հիվանդանոցում տեղադրված տեսախցիկների միջոցով։
Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ Վ․ Շիրինյանին և այդ քաղաքացուն հայտնաբերելու, ոստիկանության Էրեբունու բաժին հրավիրելու համար։
Կայքի տեղեկություններով՝ Վ․ Շիրինյանի հայտնած տղամարդը ՀՀ ճանապարհային ոստիկանության նախկին պետ, ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Հակոբյանն է։