Այսօր` դեկտեմբերի 21-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը տեղեկացրել է որ Նարեկ Սարգսյանն այս պահին գտնվում է քրեակատարողական հիմնարկում.

«Նարեկ Սարգսյանի հետ կապված հետագա գործողությունների մասին նախաքննության շրջանակում կտեղեկացնենք: Միայն կարող եմ ասել, որ այս պահին քրեակատարողական հիմնարկում է»,- ասել է Արման Սարգսյանը:
Հիշեցնենք, որ այսօր Նարեկ Սարգսյանը Չեխիայից տեղափոխվել է Հայաստան:
2018 թվականի հունիսի 26-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում քրեական գործ էր հարուցվել՝ քրեական օրենսգրքի ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու կամ կրելու և թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու հատկանիշներով:
Հուլիսի 6-ին Նարեկ Սարգսյանի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, հուլիսի 24-ին՝ միջազգային հետախուզում: Ոստիկանության տարբեր ստորաբաժանումներ, ինչպես և ՀՀ-ում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն, համագործակցելով եվրոպական մի շարք երկրների իրավապահ կառույցների ու Ինտերպոլի հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, դեկտեմբերի 6-ին Պրահայում հայտնաբերել էին ՀՀ իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզման մեջ գտնվող Նարեկ Ալեքսանդրի Սարգսյանին: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
Դիտեք նաև՝ Ինչպես է Նարեկ Սարգսյանը տեղափոխվում Հայաստան. Ոստիկանության տեսանյութը


