Ազգային ժողովի նիստում քվեարկության դրվեց «Կենդանական աշխարհի» վերաբերյալ ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը: Նախքան քվեարկությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը դիմելով ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին` ասաց, որ Կառավարության անդամներն իրենց համար պատվախնդիր քաղաքականություն են որդեգրել. օգտագործում են այնպիսի արտահայտություններ, որ հարիր չեն նախարարին:
«Դա սկսվեց Արդարադատության նախարարից, ապա այս ամբիոնում մյուս նախարարները մտավարժանքի ենթարկեցին իրենց այդ նույն ունակությունները: Բնապահպանության նախարարը երեկ հանրության մոտ ենիչերական արտահայտություն է թույլ տվել` հասարակական ակտիվիստին ասելով՝ ականջներդ կկտրեմ, այ լակոտ: Խնդրում եմ` ուշադիր լինեք»,-ասաց Էլինար Վարդանյանը:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ սա հարցի հետ կապ չունի` շարունակելով.
«Նման հարցերը պետք է երկուստեք ուսումնասիրվեն, բայց ճիշտ չեմ համարում որևէ մեկի կողմից նման արտահայտությունների ձևակերպումն ու դա անցանկալի երևույթ է»: