▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նախախորհրդարանը Ժիրինովսկու՝ Ղարաբաղը ՌԴ-ին միացնելու հայտարարության մասին

Ուկրաինական իրադարձությունների լարված խորապատկերի վրա, զարմանալի չէ Արցախի հիմնահարցի քննարկումների վերաշխուժացումը: Վերջինս արտահայտվում է թե՛ Մինսկի խմբի ձևաչափով, և թե՛ քաղաքական տարբեր գործիչների անդրադարձներում:

Այս առումով սկսել են հնչել ու դեռ հնչելու են Արցախի կարգավիճակը փոփոխելու հետ կապված այլևայլ ոչ հայանպաստ կարծիքներ: Հատկանշական է ռուսական քաղաքական գործիչ Ժիրինովսկու խոսքը այն մասին, թե. «Ղարաբաղի հակամարտությունը լուծելու համար այն պետք է միացնել Ռուսաստանին»։

Այս պայմաններում ողջունելի է Արցախի ղեկավարության անունից ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հայտարարությունն առ այն, որ Արցախի ժողովուրդը երկու հանրաքվեներով արդեն իսկ արտահայտել է իր հավաքական կամքը և որոշել է, որ անկախ ժողովրդավարական պետություն է կառուցում՝ իր ապագան տեսնելով Հայաստանի Հանրապետության հետ բարձր կարգով ինտեգրվածության պայմաններում: Կարևոր է միջազգային իրավունքի այն դրույթի ընդգծումը, որ որևէ պետություն չի կարող որոշել այլ պետության ճակատագիրը:

Անկախաբար արցախյան առանձին պետության գոյության հանդեպ իր մերժողական դիրքորոշումից, Նախախորհրդարանը ողջունում է այս կեցվածքը։

Նկատի ունենալով միջազգային հարաբերությունների ներկայիս անկայունության հանգամանքը, հորդորում ենք բոլոր մտահոգ քաղաքացիներին և քաղաքական ուժերին, լինեն նրանք Արցախում, Հայաստանի հանրապետությունում թե՛ սփյուռքում, աչալուրջ հետևել զարգացումներին և պատրաստ լինել պատշաճ և արագ արձագանքելու մարտահրավերներին:

 

Հիշեցնենք, որ Русская Служба Новостей-ի հետ զրույցում Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին, մասնավորապես, ասել էր. «Հայաստանը և Ադրբեջանը երբեք համաձայնության չեն գա Ղարաբաղի հարցում: Այդ պատճառով լավագույն լուծումն  այն Ռուսաստանի կազմի մեջ ընդգրկելն է, ինչի շնորհիվ ոչ հայերը կնեղսրտեն, իսկ ադրբեջանցիներն էլ ստիպված կլինեն համակերպվել»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее