Հունվարի 12-ին, ժամը 05:59-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նիկողայոս Տիգրանյան փողոցում՝ «ՆԻԿՕ» խանութ-սրահի պահեստում, հրդեհ է բռնկվել:
Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ և հատուկ հրշեջ ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, ինչպես նաև աղետների բժշկության կենտրոնի հերթապահ բժիշկը:
Պարզվել է, որ պահեստում (մոտ 250 քմ) այրվում են փայտի թափոններ և թեփ:
Անհրաժեշտությունից ելնելով՝ դեպքի վայր են մեկնել նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:29-ին, մարվել՝ 11:33-ին:
Դեպքի վայրում իրականացվում են հետհանգեցման աշխատանքներ: