▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նկարիչ. «Մեր երկրում քաղաքական գործչին ավելի շատ են հարգում, քան` արվեստագետին»

«Կանացիության առեղծվածային սկիզբը հնարավոր է դառնում հենց գեղանկարչության մեջ բացահայտել»,-այսպես է կարծում  նկարիչ Արթուր Շարաֆյանը և իր արվեստով փորձում բացահայտել կին-առեղծվածին:

Արթուր Շարաֆյանը ծնվել է  1972թ.-ին  ԵրևանումԱվարտել է  Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական ուսումնարանի գեղանկարչության բաժինը: Հայաստանում ու արտասահմանում ունեցել է բազում անհատական ցուցահանդեսներ: 2005 թվականից  համագործակցում է Փարիզի, Պլազ դե Վոժ հրապարակի «De’ art Modus» պատկերասրահի հետՆա Հայաստանի նկարիչների միության և ՅՈՒՆԵՍԿՕ-ի արվեստագետների ընկերակցության անդամ էԱյժմ դասավանդում է Փանոս Թերլեմեզյանի անվան նկարչական քոլեջումՆկարչի  աշխատանքները ցուցադրվում են Իսպանիայում, ԱՄՆ-ում, Չինաստանում, Ֆրանսիայում և այլ երկրների  մասնավոր հավաքածուներում: Արթուր Շարաֆյանի   կյանքի ու գործունեության մասին վերջինիս  հետ զրուցել է ASEKOSE.am-ի թղթակիցը: 

-Պարոն Շարաֆյան,  ե՞րբ և ինչպե՞ս սկսեցիք նկարել:

-Նկարել սկսել եմ փոքրուց: Այն մանկապարտեզը, որտեղ սովորում էի, գտնվում էր Գեղարվեստաթատերական  ինստիտուտի հարևանությամբ, և միշտ երեխաներով գնում  էինք ինստիտուտի նկուղ, որտեղ ուսանողները կավով արձաններ էին պատրաստում ու նրանց հետ փորձում էինք պատկերներ պատրաստել: Բացի այդ, մայրս այնտեղ էր դասավանդում, այսինքն` շփումը փոքրուց կար: Եվ եթե այն ժամանակ պլաստիլինից քանդակներ էի անում, ապա հետագայում մեջս   նկարելու ջիղն  արթնացավ ու ես հասկացա, որ առանց դրա չեմ կարող ապրել: Եվ երբ եկավ ապագա մասնագիտութուն ընտրելու ժամանակը,   ես միանշանակ ընտրեցի նկարչությունը, սակայն հայրս, այդքան էլ գոհ չլինելով ընտրությանս հարցում, զգուշացրեց, որ շատ չոգևորվեմ, քանի որ այդ աշխարհն այնքան էլ գեղեցիկ չէ: Ես այդ պահին չհավատացի նրա խոսքերին. մի՞թե ինչ-որ բան կարող է գեղեցիկ չլինել, երբ դու ինքդ գտնվում ես գեղեցիկի մեջ: Բայց առաջին հարվածը ես ստացա իմ անհատական ցուցահանդեսի ժամանակ:  Ցուցահանդեսը շատ լավ անցավ, բայց տպավորությունների գրքում  ինչ-որ մեկը տպատառ տառերով գրել էր. «Լավ կլինի, որ Դուք փոխեք Ձեր մասնագիտությունը և զբաղվեք ուրիշ գործով. սա Ձեր գործը չէ»:   Նրա այդ քայլը սկսնակ պատանու համար շատ ծանր հարված էր. ես այդ ժամանակ 17 տարեկան էի: Երբ հորս հուզված   պատմեցի այդ  մասին, նա ասաց. «Շատ լավ է, ուրեմն ինչ-որ մեկի ոտքը «տրորել» ես. այդ մարդուն պետք է շնորհակալություն հայտնես»: Մինչև հիմա ես այդ գիրքը  պահել եմ, և երբ հիասթափության պահեր են եղել, բացել, կարդացել եմ ու հասկացել, որ ամեն ինչ լավ է:

-Իսկ  բացի դրանից,  ի՞նչ հետաքրքիր դեպքեր են պատահել Ձեր գործունեության ընթացքում:

- Մի շատ հետաքրքիր դեպք պատահեց Իսպանիայում, իմ անհատական ցուցահանդեսի ընթացքում, որը ինձ մինչև այսօր զարմացնում է: Ցուցահանդեսի ժամանակ ցուցասրահ  մտավ մի երիտասարդ աղջիկ, որոշ ժամանակ անց դուրս  եկավ, հետո կրկին վերադարձավ, նայեց մի նկարի վրա ու սկսեց լաց լինել: Նկարը, որը կոչվում էր «Ձկնորսի տուն», պարզվում է, այդ պատկերը իսպանուհին իր երազում էր տեսել: Ես ապշել էի դրանից: Իհարկե, ես ցանկացա նկարը նրան նվիրել, բայց վերջինս կտրականապես հրաժարվեց նվերն ընդունել:  Պարզապես ապշեցուցիչ էր…  

-Պարոն Շարաֆյան, իսկ նկարչական ո՞ր ուղղությունն է Ձեզ առավել հոգեհարազատ:

-Ես միշտ սիրել ու պաշտել եմ իմպրեսիոնիզմը, չնայած`  տարիքի հետ հայացքների փոփոխություն է տեղի ունենում: Հասունանալով ու նոր գիտելիքներ ձեռք բերելով` հասկանում ես, որ շատ փոքր ես  արվեստի աշխարհում, և որ ամեն ինչ շատ հարաբերական է:

Ես բախտավոր մարդ եմ. նկարել եմ այն, ինչ ցանկացել  եմ նկարել: Իհարկե, փորձել եմ տարբեր ուղղություններով  հանդես գալ, բայց ի վերջո հասկացել եմ, որ իմ ոճը առավել շատ բնորոշվում է զգացմունքայնությամբ: Սիրում եմ տվյալ պահը պատկերել իմ ընկալմամբ, իմ գույներով ու պահի տրամադրությամբ, որովհետև այդ պահի մեջ այնքա՜ն բան կա ասելու. նկարներիս մեջ ինտրիգ կա, հումոր,  որոշ դեպքերում՝ կյանքին բնորոշ բամբասանք:

-Իսկ ո՞րն է Ձեր գույնը:

-Չեմ կարող ասել, որովհետև ես սովորաբար չափի մեջ եմ սիրում գույները: Սիրում եմ առավել հանգիստ երանգներ: Կանաչ գույնն եմ սիրում, կարմիրը` այնքան էլ չէ: Իսկ, օրինակ, 1990-ականներին սև գույներն էին գերակշռում նկարներումս:

-Ինչպիսի՞ն պետք է լինի Ձեր տրամադրությունը, որ նկարեք:

-Դրական. երբ խնդիրներ ես ունենում ու անտրամադիր ես լինում, ավելի լավ է` չնկարես: Ինձ մոտ կան հատուկ ժամեր, երբ ես պետք է առանձնանամ ամեն ինչից ու նկարեմ, լինում են պահեր, երբ պարզապես չեմ նկարում: Նկարել չի նշանակում վերցնել վրձին, մատիտ ու նկարել: Նկարելը նաև մտքի աշխատանք է. երբ երկար ժամանակ կարող ես  նստել ու նկարներիդ նայել, այսինքն` մտքի աշխատանք ես կատարում:

-Ձեր նկարների հերոսները հիմնականում կանայք են. ինչո՞ւ կին:

-Կինը հետաքրքիր էակ է, և կանացիության առեղծվածային սկիզբը հնարավոր է դառնում հենց գեղանկարչության մեջ բացահայտել: Կանացի հմայքը, հայացքի խորությունը, կանացիությունը, մարմնի պլաստիկան, այս ամենը շատ նկարիչների են գերել ու ինքնադրսևորվելու լայն հնարավորություններ տվել, բայց կնոջ կերպարը տվյալ դեպքում զուտ արտահայտչամիջոց է տրամադրություն հաղորդելու, պատկերելու համար:

-Նկարչությունը Ձեզ համար աշխատա՞նք է, թե՞…

-Ընդհանրապես արվեստով զբաղվող մարդու համար, եթե նա իրապես արարում է, չի կարող արվեստը լինել աշխատանք, շատ լավ է, երբ դրանով նաև լուծում ես կենցաղային հարցեր, բայց  միակ շարժառիթը նկարելու՝ ներքին պահանջն է, ինչն այնքան հզոր է, որ ուղղակի անհնար է չնկարելն ու առանց նկարելու ապրելը:

-Կյանքն առանց նկարչության Ձեզ  համար նույնն է, ինչ կյանքն առանց…

-Գուցե մի քիչ չափազանցություն թվա, բայց, երևի, կյանքն առանց նկարչության, նույնն է,  ինչ  կյանքդ առանց քո երեխաների:

Նկարչությունը  հզոր ուժ է, ինչն ամեն վայրկյան քեզ հուշում է, որ դու կաս, դա դու ես ու պետք է անես:

-ՀՀ-ում նկարչությունն ինչքանո՞վ է զարգացած:

-Շատ տաղանդավոր  երիտասարդներ ունենք, որոնք  կարող են աշխարհի տարբեր ցուցահանդեսներում ներկայանալ: Հայաստանը շնորհալի  մարդկանց հսկայական շուկա է, պարզապես մենք մեզ շատ ենք  թերագնահատում: Երբ օտար է, ուրեմն լավն է, երբ մերն է` ոչ, իսկ երբ մերը գնում է օտար երկիր, վերադառնում, մենք ընդունում ենք նրան: Սա մեր ազգի խնդիրն է: Մենք պետք է սովորենք հարգել մեր մշակույթը, ցավոք, մենք մեզ հարգելու  մշակույթը չունենք:  Մեր երկրում քաղաքական գործչին  ավելի լավ են ճանաչում, ավելի շատ են հարգում, քան` արվեստագետներին, իսկ արտասահմանում ճիշտ հակառակն է:

-Այսօր հայ նկարիչն իր նկարները վաճառելով կկարողանա՞ ընտանիք պահել:
-Մեծ դժվարությամբ:  

-Դուք նաև դասավանդում եք: Ինչպիսի՞ն  է   երիտասարդ սերունդը: Ի՞նչ  խնդիրներ ունեն նրանք:  


-Շատ շնորհալի երիտասարդներ ունենք, բայց նրանք   շատ մեծ սոցիալական խնդիր ունեն: Երեխան ավարտում է ուսումնարանը, հետո  ընդունվում ակադեմիա, որտեղ  վճարը  շատ բարձր է, ու այդ փաստը  երեխաներին կոտրում է. ամեն ծնող չէ, որ կարող է այդ ծախսերը հոգալ, իսկ նա, ով կարողանում է ավարտել, դրանից հետո է կանգնում փաստի առաջ: Բանն այն է, որ  հետոն այնքան անորոշ է.  շատ երեխաներ հետագայում ավելի  եկամտաբեր մասնագիտության մեջ են խորանում, որովհետև նկարչի ուղին շատ երկար է: Նկարիչ լինելն այնքան հարաբերական է. պետք է կարողանաս քոնն ապացուցել, ինչը շատ դժվար է:


-Նկարիչներ, որոնք կարևոր օրինակներ են Ձեզ համար:

- Բոլոր արվեստագետն ազդեցություն են ունենում, բայց կան մեծություններ, որոնց թողած ժառանգությունը մշտապես ուղեցույց է դառնում, որպես որակի, բարձր արվեստի չափորոշիչ, որին պիտի հասնես ու ձգտես:

 

Հարցազրույցը` Անի Բեքիրյանի

 

Արթուր Շարաֆյանի նկարները` ստորև.

72157633231156833

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее