ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանին կենտրոնական հավաքակայանում սրսկումից երկու ժամ հետո սկսել է ջերմել եւ ջերմությունը հասել է 38.5-ի: Նորայրը դիմել է բժիշկներին եւ նրան պառացետամոլ են տվել, որից հետո ջերմությունը իջեցրել են 37.3: Գրում է NEWS.am-ը և հավելում, որ այդ մասին ասել է Նորայրի մայրը` Կարինե Մնացականյանը:
«Հետո նորից ջերմել է եւ այդպես երեխային ջերմության մեջ ճանապարհել են Ղարաբաղ: Նորայրի մահը հնարավոր կլիներ կանխել, եթե նրան այդ վիճակում չճանապարհեին ու վթարի պատճառով 4 ժամից ավել չպահեին դրսում: 5 հոսպիտալի կողքով անցել են, բայց ոչ մի տեղ չեն իջեցրել: Իսկ, երբ Նորայրը ասել է, որ փորն է ցավում, գլուխն է ցավում, ստախոս են անվանել: Եվ դա այն դեպքում, երբ ճանապարհին Նորայրը փսխել է»:
Տիկին Կարինեն նաեւ հիշեց, որ երբ այդ օրը գիշերը` ժամը 22.00-ի սահմաններում Նորայրին հարցել է, թե ջերմությունը իջել է, դրական պատասխան է տվել: Բայց հետո պարզվել է, որ չի ցանկացել իրականությունը ասելով ծնողներին անհանգստություն պատճառել:
Նորայրի մայրը նաեւ պատմեց, որ որդու մահվան փաստով քրեական գործ է հարուցվել 376 հոդվածի 2 մասով` հանցագործության հատկանիշներով:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՊՆ N զորամասում դեկտեմբերի 23-ին մահացած 18-ամյա նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը դեկտեմբերի 21-ին էր մեկնել ծառայության եւ հանկարծամահ չի եղել, ինչպես նախապես տեղեկացվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Նորայրի հորաքույրը` Թամարա Սահակյանը: «Հանկարծամահություն չի եղել: Նորայրը շատ առողջ երեխա է եղել: Ավելին` մինչեւ ծառայության մեկնելը բժշկական հանձնաժողովը ստուգել է նրան: Ի՞նչ է ստացվում է, որ բժշկական հանձնաժողով չի եղել, չեն ստուգել` հիվա՞նդ է, թե՞ ոչ»,- նշել էր հորաքույրը: Հորաքույրը նաեւ տեղեկացրել էր, որ Նորայրը սպորտով` բռնցքամարտով է զբաղվել եւ պարբերաբար մրցումների է մասնակցել: «Իր գնալուց առաջ «Օդնոկլասնիկի»-ում էջ բացեց եւ իր մրցումների նկարները տեղադրեց այնտեղ»,- պատմել էր հորաքույրը: Ինչ վերաբերում է դեպքի մանրամասներին եւ պատճառներին, ապա հորաքրոջ փոխանցմամբ` երեխան վատացել է ճանապարհին: «Գրում են, թե վատանալուց հետո նրան հետ են բերել Երեւան: Այնինչ` երեխայի դիակը Ղարաբաղից են բերում: Ստացվում է երեխայի դիակն են տարել Ղարաբաղ: Ես չեմ հասկանում, թե ինչ է կատարվում: Շատ բան են լսել: «Նախ ասում են ճանապարհին վթար է եղել: Հետո Գազելներից մեկի անիվն է դուրս թռել եւ երեխաները իրար վրա են լցվել: Նորայրը ասել է, որ իրեն շատ վատ է զգում, բայց շատ անտարբեր են եղել: Հասնելով տեղ տեսել են, որ Նորայրի տաքությունը շատ բարձր է: Սրսկել են, ինչից հետո էլ չի արթնացել: Շատ հնարավոր է, որ սրսկելուց լինի, հակառակ դեպքում երեխայի սիրտը ինչից է մեծացել»,- նշել էր հորաքույրը: Հարկ է նկատել, որ Նորայրը նույնիսկ զորամաս չի հասել: Նրան տարել են Խոջալու, որ այնտեղից ցրեն եւ հենց Խոջալուի հոսպիտալում էլ նման դժբախտություն է տեղի ունեցել: Նորայրի հորաքրոջից տեղեկացանք, որ նա 3 եղբայր էլ ունի, իսկ ինքը ընտանիքի մեծն էր:
Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը խոր ցավով հայտնել էր, որ դեկտեմբերի 23-ի առավոտյան զորահավաքակայանից զորամաս տեղափոխվելու ճանապարհին վատացել է եւ հոսպիտալում հանկարծամահ է եղել նորակոչիկ Նորայր Նվերի Սահակյանը՝ ծնված 1994թ: