Լրագրող Մարատ Եգանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Դուք գո՞հ եք ձեր բջջային կապի օպերատորից։
Օրինակ՝ ես օգտվում էի VivaCell-ից («Վիվա Արմենիա» ՓԲԸ) ու հիմնականում գոհ էի, մինչև այդ կազմակերպության ղեկավարությունը չորոշեց իրենց բաժանորդների նկատմամբ խաբեբայության դիմել։ Ահա թե ինչպես դա արտահայտվեց։ Մի օր ես զանգում եմ Վիվասելի քոլ-ցենտրն ու իմ փաթեթի հետ կապված հարցի վերաբերյալ տեղեկություն եմ ստանում, ու երբ արդեն ավարտեցի իմ խոսակցությունը օպերատորի հետ ու արդեն ցանկանում էի անջատել հեռախոսը, աշխատակիցը ասաց, որ կարող է ինձ առաջարկել անցնել մի նոր ու ավելի շահավետ սակագնային պլանի, որը մոտ 5 անգամ ավելի շատ ինտերնետ է տալիս, քան այն, ինչից ես օգտվում եմ։ Ես հարցրեցի այդ փաթեթի արժեքը․ պարզվեց, որ այն 100 կամ 200 դրամի տարբերությամբ միայն գերազանցում է այն սակագինը, որից ես օգտվում եմ։ Զգացվում էր, որ այդ անձը պարտավորեցված է այդ առաջարկը անել բոլորին, ու այդտեղ ես հարցրեցի՝ իսկ հնարավո՞ր է ես անցում կատարեմ, իսկ մի 2 ամսից ասեք՝ բա գիտեք, այս սակագնային պլանը թանկացել է։ Աշխատակիցը ինձ վստահեցրեց, որ ոչ։ Այդպիսի հստակ ու համոզված պատասխանը ինձ վստահություն ներշնչեց այդ առաջարկի համար, ու ես համաձայնվեցի անցում կատարել այդ նոր սակագնային պլանին։ Բավարար չէ, որ ես անցել եմ այդ սակագնային պլանին, այլ նաև իմ ծանոթներին եմ պատմել, որ այսպիսի հնարավորություն կա, ու նրանցից շատերը նույնպես անցում են կատարել նոր սակագնային պլանին։ Ու այստեղ դեռ ամեն ինչ լավ է, և ամեն ինչ այդպես էլ լավ կավարտվեր, եթե չստանար խայտառակ շարունակություն։
Իսկ շարունակությունը հետևյալն էր։ Անցավ 2 ամիս, ու այդ նոր սակագնային պլանը թանկացրեցին, իսկ հինը (այն, որը մենք օգտագործում էինք մինչև անցումը)՝ ոչ։ Պարզվեց, ինչպես ես ասում էի, դա հնարք էր, որի միջոցով հին սակագնային պլանից օգտվող բաժանորդներին սահուն ձևով տեղափոխեցին ավելի թանկ սակագնային պլանի։
Ես զանգեցի այդ օպերատորի քոլ-ցենտրն ու ասացի, որ ես խաբեբայության արդյունքում եմ անցում կատարել նոր սակագնային պլանին ու պահանջեցի հետ վերադարձնել իմ նախորդ սակագնային պլանին։
ԻՍԿ ՀԻՄԱ ՀԱՐՑ
Ի՞նչ պատասխանեց այդ հարցին VivaCell-ի («Վիվա Արմենիա» ՓԲԸ) օպերատորը
Հ․Գ․ Ու այստեղ ծագում է նաև այլ հարց՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը բացի ՀԷՑ-ից, ուրիշ ոչ մի ոլորտով զբաղվելու հրաման չի՞ ստացել»։


