Օգոստոսի 8-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառող երկրների դեմ հակընդդեմ պատժամիջոցներ կիրառելու մասին: Դրանք հիմնականում վերաբերում են գյուղատնտեսության և պարենի բնագավառին, քանզի դրանցով մեկ տարի ժամկետով արգելվում է Ռուսաստան ներմուծել մի շարք տեսակների գյուղմթերքներ և պարենային ապրանքներ:
Հակընդդեմ պատժամիջոցների կիրառումը, անշուշտ, բացասական հետևանքներ կունենա ինչպես մեծաքանակ պարենային ապրանքներ ներմուծող Ռուսաստանի, այնպես էլ այդպիսիք արտահանող եվրոպական երկրների համար: Հատկապես կտուժեն Ֆրանսիան, Գերմանիան և Իտալիան:
Սակայն հայաստանցիներիս տվյալ պարագայում պիտի հուզի ավելի կարևոր մի հարց: Այս կամ այն երկրի շուկայում ամրապնդվելը երկար տարիների քրտնաջան աշխատանքի, հետևողական քաղաքականության և ծախսված միջոցների արդյունք է, և եթե հաշվի առնենք նաև սպառողի սովորությունների անփոփոխելիությունը երկարաժամկետ կտրվածքով էապես դժվարացնում են նոր ապրանքատեսակների մուտքը շուկա: Եվ այս տեսակետից պետք է հաշվի առնել, որ նմանատիպ նվերներ ամեն օր չէ, որ երկնքից ընկնում են ու նման հնարավորությունները պիտի օգտագործվեն լիուլի:
Հայաստանում գյուղատնտեսության և ձկնաբուծության ոլորտում, ըստ պաշտոնական վիճակագրության, ներգրավված է շուրջ կես միլիոն մարդ: Փաստ է նաև, որ Հայաստանում մեծ ավանդույթներ ունի հենց այն ապրանքների արտադրությունը, որոնց ներմուծումը Եվրոպայից այլևս արգելված է՝ խոզի միս, բանջարեղեն, մրգեր, կաթնամթերք, պանիր, խեցգետին….
Ավելին՝ մեր օգտին է նաև ԱՊՀ ազատ առևտրի գոտու անդամ լինելու հանգամանքը, ինչը նշանակում է, որ տեղական արտադրության ապրանքները պայմանագրի անդամ երկրներ, այդ թվում և Ռուսաստան կարող են ներմուծվել առանց մաքսատուրքի վճարման: Իսկ եթե Ռուսաստանի սպառողները կարող էին իրենց թույլ տալ գնել մաքսատուրքի գանձման արդյունքում 10-20 տոկոսով թանկացած եվրոպական պարենային ապրանքներ, ապա աներկբա է, որ հայկական գյուղմթերքները և սննդամթերքը ռուսական շուկայում կարող են ոչ միայն լավ իրացվել, այլև առաջիկա ընթացքում նաև ամրապնդվել և լինել մրցունակ:
Ուստիև Կառավարությունը, առևտրային ներկայացուցիչները և ֆերմերները պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեն գյողմթերքների և սննդամթերքի արտահանուը խթանելու ուղղությամբ: Ինչպես ասում են՝ որսացեք պահը, այլապես այն կորսան ուրիշները: