Մարդիկ, անշուշտ, իրավունք ուեն հանրությանն իրազեկել իրենց հրապարակային միջոցառման մասին։
ՀԱԿ ակտիվիստներն ասում են, որ անցած գիշեր հենց այդ էլ փորձել են անել՝ նպատակ ունենալով հանրությանը տեղեկացնել մարտի 1–ի իրենց հանրահավաքի մասին։
Բայց ակտիվիստներին բերման են ենթարկել, նրանց վարչական տույժի ենթարկել, եթե հավատանք ՀԱԿ անդամ Արեգ Գևորգյանին, ոստիկանությունը նաև գաղտնալսել է իրենց հեռախոսները։
Առաջին հայացքից՝ ոստիկանության գործողություններն իրավաչափ չեն և ուղղված են քաղաքացիների ազատության սահմանափակմանը։
Մի «բայց», սակայն, փոքր–ինչ փոխում է պատկերը։
Ակտիվիստների խոսքով՝ իրենք պատրաստվում էին Street art-ի տարբերակով քաղաքի տարբեր մասերում նկարել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի դիմանկարը՝ «մարտի 1 և պետական դավաճան գրառումներով»:
Համաձայնեք՝ սա արդեն ոչ թե հանրահավաքի իրազեկում է, այլ՝ կոնկրետ քրեական բնույթի մեղադրանք երկրի ղեկավարի հասցեին։
Մի խոսքով՝ ակտիվիստներն այնքան էլ անկեղծ չեն, որ միայն հանրահավաք են գովազդել, ոստիկաններն էլ, ինչպես միշտ, չափից ավելի «ջանասիրություն են» դրսևորել։
Վարքագծային անտագոնիզմը շարունակում է մնալ քաղաքական ու պետական ինստիտուտների «բնավորության» հիմնական գիծն, ինչն, անշուշտ, լավ չէ։