ԱԺ-ում շարունակվում է «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» որոշման նախագծի քննարկումը։
«Իհարկե, սա անցած կառավարության բյուջեն է, բայց ունենք պրոբլեմներ, որոնց ավտոմատ կերպով անցնելու են այս տարվա բյուջեին»,-մտքերի փոխանակության ժամանակ ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ մենք բյուջեն հաստատում ենք, բայց, կարծես թե չենք հաստատում. «Դեռևս մի քանի տարի առաջ բյուջե մտցվեցին արտաբյուջետային ֆոնդերը, օրինականացվեցին ու ամեն անգամ բյուջեում կարդում ենք. բյուջեն հաստատվել է այսքան, արտաբյուջետային ֆոնդերը եղել են այսքան, կատարվել է այսքանով..: Տարօրինակ է, բայց, փաստօրեն մենք չունենք բյուջեի մի թիվ»,-նկատեց պատգամավորը:
«Ոչ մի արտաբյուջետային ֆոնդ չպետք է մտնի բյուջե և, ընդհանրապես, արտաբյուջետային ֆոնդ չպետք է լինի: Դրանց ուսումնասիրությունը բերում է հասարակ համոզման: Բյուջեում փող չպետք է լինի, ընկերներ»,-ասաց Հրանտ Բագրատյանը:
Պատգամավորը հիշեց նաև «Նվագախմբխի տղաները» ֆիլմը՝ մեջբերելով.
«Որտե՞ ղ են հանրապետության փողերը»: Դրանք ԿԲ-ի պահուստներն են: Եթե բյուջեում փող կա, կամ ծախսեր կան, տակը փող չկա, դա վատ է: Իդեալական պետության մեջ ինչքան փող կա, այնքան էլ պետք է ծախսվի»,-նշեց նա:
Հրանտ Բագրատյանի խոսքով՝ մենք պետք է ստանանք բյուջեի հստակ պատկերը:
«Ո՞ նց եք բյուջեն կատարել, այդ ո՞ ւմ եք «սեղմել», եթե տնտեսության աճը ձեր իսկ ասած թվից 2.7 տոկոս պակաս է: Նույնիսկ ներկայացված փաստաթղթով չենք կարողանում հասկանալ՝ որտեղ կատարվեց, որտեղ՝ ոչ: Այս տարվա աշնանը լուրջ կռիվ կլինի սրա համար: Մենք բյուջեն պետք է հաստատենք հարկերով: Տնտեսվարողը պետք է ստաբիլ իմանա՝ ինչ վերաբերմունքի է արժանանալու պետության կողմից: Ամեն տարի վիճակը վատանում է: Արտաբյուջետային ֆոնդերը խեղաթյուրում են պատկերը: Կառավարությունն ինքն իրեն խաբում է»,-ասաց պատգամավորը:
Նշենք, որ 2013 թվականի հարկային եկամուտների եւ պետական տուրքերի տարեկան ծրագիրը կատարվել է 100 տոկոսով, այլ եկամուտների կատարողականը գերազանցել է նախատեսված ցուցանիշը 8,2 տոկոսով: Պաշտոնական դրամաշնորհների մասով արձանագրվել է 66,2 տոկոս կատարողական: Պետական բյուջեի եկամուտների 93, 5 տոկոսն ստացվել է հարկային եկամուտներից եւ պետական տուրքերից: 13,3 մլրդ դրամ կազմել են արտաքին աղբյուրներից ստացված եկամուտները:
Ծախսերը նախորդ տարում նախատեսվել էին 1 տրիլիոն 153 մլրդ դրամի չափով, սակայն տարվա ընթացքում այն ավելացել է 109,6 մլրդ դրամով՝ կազմելով 1 տրիլիոն 258 մլրդ դրամ: Ծախսային մասի կատարողականը կազմել է 90,8 տոկոս: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին ծախսերն ավելացել են 2,2 տոկոսով կամ 6,4 մլրդ դրամով: Արտաքին պարտքի սպասարկման նպատակով հատկացվել է 25 մլրդ դրամ: Նախորդ տարում պետական բյուջեի պահուստային ֆոնդից օգտագործվել է 43,2 մլրդ դրամ: 2012 թվականի համեմատ՝ 2013 թվականին պետական բյուջեի պակասուրդն ավելացել է 19,4 տոկոսով: Ըստ այդմ՝ հաշվետու տարում պետական բյուջեի պակասուրդը կազմել է 71,5 մլրդ դրամ:
2013 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ Հայաստանի արտաքին պետական պարտքը կազմել է 3 մլրդ 899 մլն ԱՄՆ դոլար կամ համախառն ներքին արդյունքի 37,1 տոկոսը:
Անի Կարապետյան