Մարզական տարին նշանավորվեց ևս մեկ չեմպիոնությամբ: Գյումրու «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության տնօրեն Լևոն Գեղամյանը Ֆինլանդիայում մասնակցել է 35-40 տարեկան ըմբիշների հունահռոմեական ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի առաջնությանն ու հռչակվել է չեմպիոն:
Նա գոտեմարտել է մինչև 85 կգ քաշային կարգում: Քառորդ եզրափակչում հաղթել է ֆինն Յանի Լաուտանենին, կիսաեզրափակչում տուշեով պարտության է մատնել ադրբեջանցի Մամադ Ալիևին:
Եզրափակչում Գեղամյանի մրցակիցը պետք է լիներ ֆինն Հաննու Կատելմյակին, սակայն վերջինս չի կարողացել գոտեմարտել վնասվածքի պատճառով, ինչը թույլ է տվել Գեղամյանին ճանաչվել վետերանների աշխարհի չեմպիոն: Վետերան չեմպիոնին Գյումրու մուտքի մոտ մեծ շուքով դիմավորեցին հարազատները, ընկերներն ու մարզաշխարհի ներկայացուցիչները:
Նշենք, որ ընթացիկ տարում Ախուրյան համայնքը ներկայացնող երկրորդ ըմբիշն է նման հաջողության հասնում: Հիշեցնենք, որ տարվա սկզբին Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Վարշամ Բորանյանը: Առաջիկայում Բորանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը: Ներկաները հուսով են, որ վերջինս տարին կավարտի հաղթական նոտայով: Այնուհետև նորընծա չեմպիոնին մեծարեցին հարազատ մարզադպրոցում: Մուտքի մոտ ամուսնու ժամանմանն էր սպասում նաև տիկին Ալինան: Հավելենք, որ Լևոն Գեղամյանը վերջին անգամ գորգ էր դուրս եկել 12 տարի առաջ:
ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը