▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ոստիկանապետը պարգևատրել է իրավապահներին օգնած տաքսու վարորդին

Մարտի 2-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության պատվոգրով պարգևատրեց Երևանի բնակիչ Արմեն Ղազարյանին, որը ոստիկաններին օգնել էր հանցավոր ոտնձգությունը կասեցնելու գործում:

Հանդիպման սկզբում հրապարակվեց ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հրամանը՝ քաղաքացիական բարձր իրավագիտակցություն և անձնական խիզախություն դրսևորելու, ծանր հանցագործություն կատարած անձին վնասազերծելիս ոստիկանությանը ցուցաբերած գործուն աջակցության համար Արմեն Ղազարյանին ՀՀ ոստիկանության պատվոգրով պարգևատրելու մասին:

Հանձնելով պարգևը՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ ոստիկանության ջանքերն ուղղված են հենց օրինահարգ հասարակության ձևավորմանը՝ աջակից ունենալով բարձր իրավագիտակցությամբ օժտված քաղաքացիներին, որոնք պատրաստ են թեկուզ վտանգվելու գնով օժանդակել հասարակական կարգի պահպանմանն ու համաքաղաքացիներին հանցավոր ոտնձգություններից պաշտպանելուն:

Արմեն Ղազարյանը ոստիկանության կողմից նաև գազային ատրճանակ ու հուշանվերներ ստացավ:

Հանդիպման ավարտին Վլադիմիր Գասպարյանը շնորհակալություն հայտնեց Արմեն Ղազարյանին աջակցության համար և հավաստեց, որ ոստիկանությունը ընդլայնելու է համագործակցությունը օրինապահ քաղաքացիների հետ՝ ի շահ ողջ հասարակության անվտանգության ու բարօրության:

 

Հիշեցնենք, որ երեկ ոստիկանները ձերբակալել են Ավանի Խուդյակով փողոցի թիվ 175/4 հասցեում գտնվող արտարժույթի փոխանակման կետից գումար հափշտակած կողոպտչին: Իսկ մինչ այդ...

Ուղիղ 10 օր 33-ամյա երիտասարդը մտմտում էր, թե ոնց է կողոպտելու հարևան փողոցի փոխանակման կետը: 10-օրյա ժամանակահատվածը պատահական չէր ընտրվել: Հետո արդեն, ոստիկանության բաժնում, հանցանքի պահին մերկացված երիտասարդը պատմելու էր, որ մարտի 1-ը կուտակած պարտքերը մարելու վերջնաժամկետն էր:

Ավանի բնակիչ 33-ամյա Շահեն Ղուկասյանն ամուսնացած է, երեխատեր,  բանկերից մեկում անվտանգության աշխատակից է: Տևական ժամանակ բուքմեյքերական գրասենյակներում խաղադրույքներ կատարելով՝ հաջողացրել էր ավելի մի քանի միլիոն դրամի պարտք կուտակել:

Սպառվել էին պարտքով փող ճարելու բոլոր հնարավորությունները, խաղադրույքի գումար բնականաբար չկար, իսկ պարքատերերը օղակը սեղմում էին: Մի քանի անգամ տարադրամ էր փոխանակել Ավանի Խուդյակովի փողոցում գտնվող փոխանակման կետում: Նկատել էր տեսահսկման սարքերը, տեսել էր, որ ընդամենը մի աշխատող կա՝ երիտասարդ կին, ու նախապատրաստվել էր: Մի խոսքով, և պատրաստվելու, և սթափ մտածելու ու հետ կանգնելու ժամանակ հաստատ ունեցել էր, սակայն հաղթել էր մոլուցքը, ու գնացել էր դատապարտված ճանապարհով: 

Իսկ  մարտի 1-ին ժամը 17.20-ին ամեն ինչ կատարվել էր ակնթարթորեն, ինչը և արձանագրել էր տեսախցիկը. դիմակավորված, գլխարկով անծանոթը մտնելով ներս, արագ մագլցում է ապակյա արգելապատնեշով, այդ ընթացքում աշխատակցուհին վազում բացում է մուտքի դուռն ու օգնություն կանչում: Իսկ կողոպտիչը հասցնում է ճանկել դրամարկղի ողջ գումարն ու դիմել փախուստի: 

Հետո տեղի է ունենում Շահեն Ղուկասյանի համար ամենաանսպասելին: Տարադրամի փոխանակման կետի աշխատակցուհու օգնության կանչերին անմիջապես արձագանքում է մայթեզրին կայանված տաքի ավտոմեքենայի վարորդ Արմեն Ղազարյանը: Արագ կողմնորոշվելով՝ սկսում է կրնկակոխ հետապնդել փախստականին: Մի 50-60 մետր, և վարորդը հասնում ու գետնում է Շահենին: Գիտակցելով, որ հանցագործի հետ գործ ունի, փորձում է ոլորել ձեռքերն ու օգնություն է կանչում: Վայրկյաններ անց արդեն օգնության հասած ոստիկանները բերման են ենթարկում Շահենին: Հափշտակած ու ծոցը խցկած  փողը, որ 1 090 000 դրամ էր, հայտնաբերվում և առգրավվում է: 

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: Շահեն Ղուկասյանը ձերբակալված է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее