Այսօր՝ հունվարի 21-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Երևան քաղաքի բնակիչ 28-ամյա Հայկ Բ․-ն իր վարած Mercedes G 500 մակնիշի ավտոմեքենայում, ինչպես նաև իր մոտ, թմրամիջոց է պահում։
Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։
Բաղրամյան պողոտայից դեպի ժողովրդին հայտնի «Օբելիի թունել» տանող ճանապարհահատվածում Երևանի պարեկները կանգնեցնում են Հայկ Բ․-ի «յաշիկը» և վարորդը, իջնելով ավտոմեքենայից, ինչ-որ բան է կուլ տալիս։ Դրանից հետո նրա ինքնազգացողությունը վատանում է ու պարեկները շտապօգնություն են զանգահարում։ Ու մինչ բժիշկների ժամանումը պարեկներն առաջին բուժօգնությունն են ցուցաբերում, ապա ժամանած բժիշկների հերթապահ խումբը նրան տեղափոխում է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Արդեն հիվանդանոցում ընդունարանի բուժանձնակազմը ոստիկաններին է ներկայացնում նրա իրերը, որոնք հայտնաբերվել են հագուստի գրպաններից, և այնտեղ լինում է նաև թղթով փաթեթավորված սպիտակ փոշենման զանգված` 0.62 գրամ կշռով։
Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Ըստ աղբյուրի՝ Հայկ Բ․-ի մայրը ոստիկանության նախկին բարձրաստիճան աշխատակից է։