«Բոլոր Ձեր տվայտանքները, որ արտահայտվեցին մի քանի օրվա ընթացքում՝ մեզ միայն զվարճացնում և ուրախացնաում են, թեկուզ այն պատճառով, որ ցույց են տալիս, որ դուք իրկանությունը ճիշտ ընկալելուց հեռու եք: Չեք հասկանո՞ւմ, որ ձեր հարձակումները՝ ընդդիմության վրա, միայն ուժեղացնում են և նպաստում են ժողովրդի վստահության աճին՝ ընդդիմության նկատմամբ»,-ԱԺ-ում խոսքն ուղղելով իշխանությանը՝ ասաց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նա անդրադարձավ նաև ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի հանդեպ կատարվածին: Ինչի՞ համար եք նեղացել նրանից: Նրա համա՞ր, որ ձեր ազնվության, պարկեշտության նկատմամբ հավա՞տ ուներ: Հավատի այդ վերջին հատիկներն էլ ոչնչացրեցիք:
«Նրան կարող ենք մեղադրել իր միամտության համար, որ այսքան ժամանակ այդ հավատի հատիկը ձեր նկատմամբ պահպանել է»,-ասաց Լևոն Զուրաբյանը:
Ինչ վերաբերում է «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում Կառավարության ներկայացրած փոփոխություններին, պատգամավորը նկատեց. «Կառավարությունը զբաղված է ժողովրդին խաբելով, հավատի վերջին դագաղի վրա խփված մեխն էլ ձեռք բերված այս օրինագիծն է, որը 3 կարևոր թերություն ունի. «պարտադիր» բաղադրիչը ընդամենը փոխել է իր անունը: Հիմա ի՞նչ տարբերություն, գումարը քաղաքացու գրպանից հանում են սահմանադրական, թե ոչ սահմանադրական եղանակով: Ավելացրել եք խտրականության բաժանարար գծերը: Պարզվում է՝ պետական սեկտորից «պարտադիրից» կարող են հրաժարվել ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության, հանրապետական գործադիր մարմինների, փրկարար ծառայության համակարգի փրկարարական, քրեակատարողական ծառայողներ և դատական ակտերի հարկադիր կատարողների խավը: Էս ի՞նչ խտրականություն էր: Սա խաբեության սխեմա է»:
Անի Կարապետյան