ՀՀ Կառավարության 2004 թվականի որոշմամբ հաստատված են սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց խմբերը: Համաձայն այդ որոշման` այդպիսի իրավունք ունեն ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորներ ունեցող ընտանիքի անդամները:
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունն իրականացնում է սրտի վիրահատություն իրականացնող լիցենզավորված բժշկական հաստատությունում (այսուհետ` բժշկական հաստատություն) ստեղծված հանձնաժողովը: Հանձնաժողովի կազմը հաստատում է բժշկական հաստատության ղեկավարը: Հանձնաժողովի նախագահը բժշկական հաստատության ղեկավարն է:
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու ենթակա անձանց ընտրությունը հանձնաժողովի կողմից իրականացվում է ստորև նշված փաստաթղթերը բժշկական հաստատություն մուտքագրվելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:
Անձը սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու համար բժշկական հաստատություն է ներկայացնում`
1) դիմում` հանձնաժողովի նախագահի անվամբ.
2) սոցիալական անապահովությունը հաստատող համապատասխան փաստաթուղթ (ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված 36.00 և ավելի բարձր անապահովության միավորների մասին տեղեկանքը` վերջին ամսվա դրությամբ).
3) բժշկական եզրակացություն սրտի վիրահատության անհրաժեշտության մասին.
4) անձնագրի պատճենը:
Անհետաձգելի դեպքերում, երբ դիմողը հոսպիտալացվել է և չի դիմել հանձնաժողովին, վերոնշյալ փաստաթղթերը հանձնաժողովին է ներկայացվում հոսպիտալացվելուց հետո` բժշկական միջամտությունից (վիրահատությունից) առաջ կամ դրանից հետո:
Ներկայացված փաստաթղթերը բժշկական հաստատություն են հանձնվում առձեռն կամ փոստով:
Ներկայացված փաստաթղթերն ուսումնասիրվում են հանձնաժողովի կողմից, որի հիման վրա հանձնաժողովը տալիս է եզրակացություն` տվյալ անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը բավարարելու կամ մերժելու մասին:
Հանձնաժողովի եզրակացության հիման վրա բժշկական հաստատության ղեկավարն ընդունում է որոշում անձի սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու կամ դիմումը մերժելու մասին:
Սրտի վիրահատությունն ամբողջությամբ անվճար իրականացնելու դիմումը ենթակա է մերժման, եթե`
1) ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում վերը սահմանված պահանջներին.
2) սպառվել են պետական պատվերով նախատեսված միջոցները:
Հանձնաժողովը որոշումն ընդունում է քվեարկությամբ: Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումն ընդունված է համարվում, եթե դրա օգտին քվեարկել են հանձնաժողովի անդամների կեսը և ավելին:
Հանձնաժողովի նիստը գումարվում է յուրաքանչյուր շաբաթը մեկ անգամ, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև արտահերթ:
Հանձնաժողովի ընդունած որոշումն ստորագրվում է հանձնաժողովի բոլոր անդամների կողմից:
Բժշկական հաստատությունը, մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 10-ը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն է ներկայացնում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից հաստատված ձևի հաշվետվություն` նախորդ ամսվա ընթացքում ամբողջությամբ անվճար իրականացված սրտի վիրահատության դեպքերի մասին:
Աղբյուրը` Իրավաբան.net