Այսօր ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևան-Մեղրի ավտոճանապարհին` «ԿամԱԶ»–ը բախվել է «BMW»–ին, ինչի հետևանքով ամբողջությամբ այրվել է «BMW»–ն։ Վթարի հետևանքով 3 մարդ է տեղում մահացել։ Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
«Ժամը 04:01-ին «911» տեղեկություն է հաղորդվել, որր Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արարատի մարզի Սուրենավան գյուղի վերջնամասում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը»,–գրում է կայքը։
Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 59-րդ կմ-ի աջակողմյան հատվածում բախվել են «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը (վարորդ 57-ամյա Ռազմիկ Ա.,) և «BMW» մակնիշի ավտոմեքենան: ՃՏՊ-ի հետևանքով ամբողջությամբ այրվել են «BMW» մակնիշի ավտոմեքենան և «ԿամԱԶ» մակնիշի կցորդիչով բեռնատարի խցիկը: «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և երկու ուղևորները տեղում մահացել են:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 04:46-ին:
«ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Գևորգ Ս.-ն (ծնված 1995 թ.), հոսպիտալացվել են Արարատի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: