Դեկտեմբերի 25-ին, ժամը 19:34-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Երևան քաղաքի Մոնթե Մելքոնյան փողոցում՝ արագաչափի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են ՎԱԶ-2107 մակնիշի (վարորդը՝ Ս. Գ.), Opel Astra J մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել), Ford Transit մակնիշի (վարորդի տվյալները չի հաջողվել պարզել) և Nissan Note մակնիշի (վարորդը՝ Ս. Պ.) ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով Nissan Note մակնիշի ավտոմեքենայի ուղևորը՝ Հ. Պ.-ն (ծնված 1950 թ.), տեղում մահացել է:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, տուժածները՝ Թոնի Նիկոտրան (Ավստրալիայի քաղաքացի, ծնված 1970 թ.), Հ. Ա.-ն (ծնված 1997 թ.) և Ս. Պ.-ն (ծնված 1982 թ.), տեղափոխվել են Արմենիա ՀԲԿ, որտեղ բժիշկները Թոնի Նիկոտրայի առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ մյուս երկուսինը՝ միջին ծանրության:
Փրկարարները Nissan Note մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել Հ. Պ.-ի դին: