Այսօր՝ նոյեմբերի 20-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում ВАЗ 2109 մակնիշի 34 NC 519 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեռևս անհայտ հանգամանքներում Երևան-Մեղրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Իշխանասարի խաչմերուկից դեպի Սիսիան տանող ճանապարհահատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ հայտնվել դաշտում։
shamshyan.com-ն է գրում և նշում, որ վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել է, որոնց մարմիները հայտնաբերվել են ավտոմեքենայից դուրս, իսկ 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատը, Սիսիանի ոստիկանության բաժնի ծառայողներն ու ճանապարհային ոստիկանները։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Վայոց Ձորի մարզի Հերհեր գյուղի բնակիչ՝ 56-ամյա Հովսեփ Եղիազարյանի անվամբ։ Վիրավորներից երկուսն էլ երեխաներ են, որոնցից մեկը հիվանդանոց է տեղափոխվել ծայրահեղ ծանր ախտորոշմամբ։