Գեղարքունիքի մարզում, այսօր՝ հոկտեմբերի 19-ին, ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 02:50-ի սահմաններում Opel Vectra մակնիշի 35 QՏ 313 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մադանա գյուղից դեպի Վերին Գետաշեն գյուղ տանող ճանապարհահատվածում դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշին, առաջ ընթանալով, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին եւ հայտնվել ձորակում:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, բախման հետեւանքով ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել: Վթարի հետեւանքով ավտոմեքենայում գտնվող Ներքին Գետաշեն գյուղի բնակիչներ, 18-ամյա Դավիթ Ղալաչյանը, 18-ամյա Գարիկ Հակոբյանը եւ 17-ամյա Արսեն Սեդրակյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, իսկ Ներքին Գետաշեն գյուղի բնակիչ, 18-ամյա Մովսես Խաչատրյանը, ում մարմինը հրշեջներն ու փրկարարները հայտնաբերել են ավտոմեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա կիսամոխրացած վիճակում, տեղում մահացել է:
Փրկարարները մարել են ավտոմեքենայում առաջացած հրդեհը, սակայն մեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի: Կրակի բռնկման հետեւանքով այն տարածվել է նաեւ ողջ տարածքով, քանի որ ամբողջովին չոր խոտ էր: Հրշեջ-փրկարարները մարել են կրակը ու մահացածին եւ վիրավորներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Մինչ քննչական խումբը դեպքի վայրում զննություն էր կատարում, հիվանդանոցից ահազանգ ստացվեց, որ վիրավորներից Դ. Ղալաչյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Փաստի առթիվ ավագ քննիչ Մանուկյանի որոշմամբ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը եղել է Դ. Ղալաչյանը, սակայն այս տեղեկությունը ոստիկաններն ու քննիչները նույնպես պարզում են: