Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնում է. «Քանի որ լրատվամիջոցներից բազմաթիվ բանավոր հարցումներ ենք ստացել մամուլում հրապարակված տեղեկատվության վերաբերյալ, այս պահին միայն կարող եմ ասել, որ 2023թ-ի ապրիլի 23-ին, գիշերը, Արմավիրի մարզի Թաիրով համայնքում գտնվող «Կալիֆորնիա» գիշերային ակումբում տեղի ուենցած դեպքի վերաբերյալ Ոստիկանությունից ստացված նյութերի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Կատարվել է դեպքի վայրի զննություն, վերցվել են ակումբի տեսանկարահանող սարքերի հիշողության կրիչները: Հարցաքննվել են մի շարք անձինք։ Նշանակվել են փորձաքննություններ:
Կատարվում են անհետաձգելի քննչական և վարույթային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, ինչպես նաև դրանում ներգրավված անձանց գործողություններին իրավական գնահատականներ տալու ուղղությամբ: Այդ նպատակով Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն»:
Ավելի վաղ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել էր գիշերային ակումբում խուլիգանության մասին՝ նշելով, որ կասկածյալներից մեկը Փարաքար համայնքի ղեկավարն է: