▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց մեքենայով շտապ հասցրել են հիվանդանոց

Թարմացված․ Հուլիսի 13-ին երեկոյան պարեկները 3-րդ հարկից ընկած 7-ամյա տղային իրենց ծառայողական ավտոմեքենայով շտապ հասցրել են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարել են տղայի կյանքի համար, սակայն ապարդյուն։ «Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էր՝ կյանքի հետ անհամատեղելի բազմակի վնասվածքներ ուներ, արեցինք հնարավոր ամեն ինչ, բայց ցավոք, երեխայի կյանքը փրկել չկարողացանք»,- «Արմենպրես»-ին տեղեկացրել է հիվանդանոցի տնօրեն Կարեն Գևորգյանը։

Հուլիսի 13-ին, ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 1-ին վաշտի 3-րդ դասակի պարեկ Ռաֆիկ Մաթևոսյանն ու կրտսեր պարեկ Երվանդ Առաքելյանը Գյումրի քաղաքի Մուշ թաղամասի Հալաբյան փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ նրանց են մոտեցել 2 հոգի և հայտնել, որ երեխան շենքի պատուհանից վայր է ընկել, և մինչև շտապօգնության գալը անհրաժեշտ է, որ փոքրիկին տեղափոխեն հիվանդանոց: Այս մասին հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը։

Պարեկները անմիջապես իրենց ծառայողական ավտոմեքենայով երեխային տեղափոխում են «Գյումրու մոր և մանկան ավստրիական» հիվանդանոց, որտեղ էլ հավատարիմ Հիպոկրատին տված երդմանը՝ գործի են անցնում բժիշկները:

Երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է և չի բացառվում, որ Գյումրու բժշկական կենտրոնում անհրաժեշտ առաջին բուժօգնությունը ցուցաբերելուց հետո երեխային տեղափոխեն Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: 

Կայքի տեղեկություններով՝ երեխան ընկել է իրենց տան 3-րդ հարկի պատուհանից:

Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողներն ու ՊԾ Շիրակի մարզի գումարտակի պարեկները դեպքի վայրում հայտնաբերել են արնանման հետքեր և երեխայի խաղալիքը: 

Դեպքի մասին արդեն ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Շիրակի մարզային վարչությունից տեղեկություն են փոխանցել Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ երեխան 7-ամյա տղա է: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее