Ծանոթացա ԴԱՀԿ ապահովող ծառայության իրավաբանական բաժնի տարածած հաղորդագրությանը: Մի քանի նկատառում ունեմ.
1. Անկասկած այս առումով օրենսդրական բաց առկա չէ, և, ի դեպ, հեղինակները դա չեն էլ պնդել:
Բացի այդ, ուզում եմ տեղեկացնել, որ օրենսդրական նախաձեռնությունները միայն օրենսդրական բացերի կարգավորման նպատակով չէ որ ներկայացվում են, այլ նաև տարընթերցումներից, կամայական մեկնաբանություններից և կիրառությունից խուսափելու նպատակով: Սա իմիջայլոց:
Քննարկվող օրենդրական նախաձեռնությունը հենց այդ ոլորտից է: Ուզում եմ վստահեցնել, որ մենք քաջատեղյակ ենք օրենքի 43-րդ հոդվածից, ինչպես նաև այլ հոդվածներից, որոնք հաղորդագրության մեջ մատնանշված չեն: Բայց քաջատեղյակ ենք նաև այդ հոդվածի կիրառման պրակտիկային: Փաստը այն է, որ բազմաթիվ քաղաքացիներ անհարմարություններ են կրել` չնայած օրենքի և հատկապես ԿԲ խորհրդի որոշման առկայությանը:
Օրենքի նախագիծը նպատակ ունի հստակեցնել խաղի կանոնները, և ոչ թե ԴԱՀԿ ծառայության համար, այլ հատկապես այլ մարմինների, որոնք կիրառում են այդ մարմնի որոշումը: Բացի այդ հստակ նախատեսված են նաև այդ մարմինների համար դրա չկատարման հետևանքները: Չնայած ընդհանուր օրենդրական կանոններում դրանք ևս կան, սակայն այս տեսքով օրենքում ամրագրումը ավելի արդյունավետ է դարձնում խախտված իրավունքների պաշտպանությունը:
Եվ վերջում, մեջբերված ԿԲ խորհրդի որոշման առումով. որոշման բովանդակության մեջ արտացոլված խաղի հիմնական կանոնները ցանկալի է, որ լինեն օրենքով կարգավորված: