Վերջին օրերի ադրբեջանական սանձարձակությունը՝ Քարվաճառի դիվերսիան, սահմանային լարվածությունը անհանգստություն ու խուճապային տրամադրությունների պատճառ դարձան, ինչը թեև չափացանցված էր, սակայն մտահոգիչ էր այն առումով, որ մի քանի միջադեպեր հաջորդեցին միմյանց:
Ի վերջո, ո՞րն էր թշնամու հերթական ակտիվացման պատճառը: Թեմայի շուրջ ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ.
-Պարոն Մինասյան, ինչո՞վ է պայմանավորված թշնամու հերթական ակտիվացումը: Արդյո՞ք նաև քաղաքական գործընթացներով…
-Պատճառներից գլխավորը հայ հասարակության շրջանում խուճապի տրամադրություններ առաջացնելն է: Արդեն մի քանի ամիս քաղաքական դաշտում լուրեր են շրջանառվում, թե վճռորոշ զարգացումներ են սպասվում արտաքին ու ներքին քաղաքական դաշտում՝ ընդհուպ մինչև իշխանափոխություն և այլն: Հասարակությունն արդեն գրեթե ամբողջ տասնամյակ ապրում է այդ մթնոլորտում: Մյուս կողմից՝ Ուկրաինայի դեպքերը, Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունները, Հայաստանի՝ Մաքսային Միությանը, Եվրասիական միությանը անդամակցելու ձգձվող գործընթացները ևս ֆոն են ստեղծում:
Բացի շատ նեղ զանգվածից՝ փորձագետներից և զինվորականներից, քիչ թվով մարդիկ են հասկանում, թե ռազմաքաղաքական ինչ իրադարձություններ են տեղի ունենում: Քարվաճառի իրադարձությունն իրականում ավելի վտանգավոր չէ, քան տասնյակ այլ դեպքեր, որոնք եղել են ԼՂՀ կամ ՀՀ սահմանին: Ինֆորմացիոն դաշտը պետք է ավելի ակտիվ լինի: Հասարակությունը պետք է հասկանա, որ երեք նախկին բնակիչների հետախուզական այցն իրականում ավելի վտանգավոր չէ, քան երկու տարի առաջ ԱՄՆ պետքարտուղար Քլինթոնի այցին ընդառաջ տեղի ունեցած դեպքերը: Սովորական քաղաքացին դա չի ընկալում, և դա խնդիր է: Արդյունքում՝ խուճապ է առաջանում, ինչն էլ բերում է այն ընկալումը, որն ունենք այս պահին:
- Միջազգային հանրությունը կրկին լռեց, համանախագահները լռեցին.. ո՞րն է մեր թերացումը, որտե՞ղ է մեր դիվանագիտական ճակատը: Արդյո՞ք այսպես ասած՝ շատ բան չենք թողնում բանակի ուսերին:
-Բանակն իր գործը անում է, դիվանագիտությունն այս պարագայում ոչինչ անել չի կարող: Պիտի հասկանանք, որ դա մեզ համար է միայն թիվ մեկ խնդիր: Երբ Ուկրաինայում հարյուրավոր մարդիկ են զոհվում, երբ կա վտանգ, որ մի միջուկային երկիրը կներգրավվի պատերազմի մեջ մի կողմում, որի թիկունքում մյուս միջուկային երկրներն են կանգնած, կամ երբ Սիրիայում ամեն օր հարյուրավոր մարդիկ են զոհվում քաղաքացիական պատերազմում, երբ անհայտ զինյալներ գրավում են Իրաքը, կամ Լիբիայում ահաբեկչության արդյունքում ամբողջ օդանավակայան է ոչնչացվում՝ տասնյակ ինքնաթիռներներով, այս պարագայում հասկանալի է, որ հայաստանյան իրադարձությունները միջազգային հանրության ուշադրության կենտրոնում չեն:
-Բայց մեր ԱԳն-ն արդյո՞ք չի թերանում: Արդյո՞ք ձեռնարկում են այն քայլերը, որոնք անհրաժեշտ են այս պահին:
- Ես իհարկե կցանկանայի, որ ԱԳՆ-ն ավելի լավ ու ավելի արդյունավետ աշխատեր: Մենք պիտի ուշադիր լիենք և ստիպնեք ԱԳՆ-ին աշխատել, սակայն սա այն խնդիրը չէ, որ ԱԳՆ-ի մակարդակով կարող է լուծվել: Փառք Աստծո՝ մեր խնդիրներն այնքան լուրջ չեն, որ միջազգային հանրության ուշադրության կենտրոնում լինեինք: Ես չէի ցանկանա, որ դիցուք՝ Հայաստանում Ուկրաինայի իրադարձությունները կրկնվեին:
-Ունենալով վերջին դիվերսիայի փաստը, ո՞րը պետք է լինի մեր հաջորդ քայլը...
- Մենք պետք է մի կողմից հասկանանք, որ պատերազմը չի ավարտվել, մյուս կողմից էլ՝ պատերազմ սկսելը շատ դժվար է՝ և մեզ համար, և հավանաբար թշնամու: Դրա համար պետք է ոչ թե խուճապի մատնվենք, այլ ցուցադրենք մեր տոկունությունը, մեր պատրևաստակամությունը՝ դիմադրելու թշնամուն, որովհետև դա է իրենց զսպում, ոչ թե խուճապը, որն իսկապես ավելորդ է: Կրկնում եմ՝ տասնյակ դեպքեր են եղել ավելի վտանգավոր, քան այս դեպքը:
Հեղինակ՝ Հասմիկ Գյոզալյան
Կարդացեք նաև` Հյուսիսարևելյան սահմանին լարվածությունը համեմատաբար նվազել է