Կարգավորման այլընտրանքն աղետաբեր պատերազմն է
Ղարաբաղյան հիմնախնդիրը անհրաժեշտ է շուտափույթ կարգավորել, ասել է սահմանային դիրքերից երեկ վերադարձած նախկին վարչապետ, Ազգային ժողովի պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Եթե ղարաբաղյան հարցի լուծումը ձգձգվի, Բագրատյանի կարծիքով պատերազմ կսկսվի:
«Հիմա այլևս այլընտրանք չկա լուծելուն: Դեռևս 2000 թվին կարելի էր մտածել, որ կարելի է սկսել պատերազմ և հաղթել: Հիմա հաղթող չի լինելու՝ երկու կողմերը միմյանց ոչնչացնելու են»,- ասել է Բագրատյանը:
Նախկին վարչապետին դժվար է մեղադրել անտեղյակության կամ պոպուլիզմի մեջ. չմոռանանք, ի վերջո, որ պատերազմի տարիներին հենց նա է ղեկավարել Հայաստանի կառավարությունը:
Ես էլ առիթ ունեցել եմ մի քանի անգամ արձանագրելու, որ լայնամասշտաբ պատերազմում հաղթող չի լինելու. կողմերի սպառազինության տեսականին ու ծավալը հուշում են, որ նոր հնարավոր պատերազմը աղետաբեր է լինելու երկու կողմեր համար: Հակամարտության երկու կողմերում էլ կան մարդիկ, վայ-հայրենասերներ, ովքեր փոխզիջումների մասին լսել չեն ուզում:
Բաքվում ոչ ադեկվատ է հնչում «Ղարաբաղը մերն է» կարգախոսը, որովհետև Արցախի ժողովուրդը նվաճել է իր ազատ ապրելու իրավունքը, ԼՂՀ-ում մեծացել է մի սերունդ, որն ոչ մի առնչություն չունի ոչ անցյալի եւ ոչ էլ Ադրբեջանի հետ: Բացի այդ, ավտորիտար Ադրբեջանն, որը խոշտանգում է իր քաղաքացիներին՝ չի կարող երաշխավորել ոչ մեկի, այդ թվում՝ արցախցիների անվտանգությունը:
Նույն կերպ ադեկվատ չի Երևանում հնչող «ոչ մի թիզ հող» չենք զիջելուկարգախոսը, որովհետև դա նշանակում է՝ հրաժարում բանակցություններից:
Կարգավորումն ենթադրում է նաև փոխզիջումներ: Ըստ իս, Երևանը կարգավորման գործընթացում պետք է ձգտի Արցախի անկախության միջազգային ճանաչմանը, Հայաստանի ու ԼՂՀ-ի միջև ցամաքային կապի հաստատմանը, անվտանգության միջազգային երաշխիքների ու գործիքների ստեղծմանը. մնացած հարցերը կարող են դառնալ քննարկման թեմա:
Թե Երևանում, թե Բաքվում մաքսիմալիստական տրամադրություններ ունեցող մարդիկ պետք է հիշեն, որ կարգավորման այլընտրանքը պատերազմն է. որում, ինչպես արդարացիորեն նշել է Հրանտ Բագրատյանը, երկու կողմերը միմյանց ոչնչացնելու են...