Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ տրանսպորտային ու տնտեսական հաղորդակցությունների վերականգնման, ինչպես նաև հումանիտար հարցերի կարգավորման հարցում։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Լավրովի խոսքով՝ Մոսկվան շարունակում է աջակցել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանն ուղղված ջանքերին՝ հիմնվելով 2020 և 2022 թվականներին ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների վրա։
«Ինչպես նախկինում, մենք պատրաստ ենք աջակցել թե՛ Բաքվին, թե՛ Երևանին՝ տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման, ինչպես նաև հումանիտար խնդիրների լուծման հարցում»,– ասել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է կարևորել Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացը։


