Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռեւս չպարզված հանգամանքներում, հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, 2000թ. ծնված Համլետ Արայի Գալստյանը:
Այս մասին Asekose.am-ին հայտնում են ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայությունից։
Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է բավարար:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ասկերանի մարտական դիրքերից մեկում զինվորների վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով։
Զինվորներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ։
shamshyan.com-ի տեղեկություններով նրա վրա կրակոցներ արձակողը Հայաստանում հայտնի գործարարներից մեկի բարեկամն է։

ՔԿ լրատվական ծառայությունից էլ հայտնում են, որ N զորամասի մարտական դիրքում, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հ.Գալստյանի՝ ձախ աչքի շրջանի հրազենային վնասվածք ստանալու դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն՝ հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է Հ. Գալստյանի ծառայակիցը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:


