«Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլուզված տան փլատակների տակից հայտնաբերվեց երկու քաղաքացու դի՝ կին և տղամարդ»,- քիչ առաջ, լրագրողների հետ զրույցում, հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նախնական տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են։ |
Թարմացված․ «Տալս ու ամուսինը տանն են եղել պայթյունի պահին, ոչ մի լուր չունենք, չեն արձագանքում»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նոր Արեշի բնակչուհիներից մեկը։ Պայթյունի վայրում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները երկու քաղաքացու են դուրս բերել փլատակների տակից, որոնք այս պահին գտնվում են հիվանդանոցում։ |
Թարմացված․ «Փլուզված տան կողքի տունը տեգորս տունն է եղել, որը ևս փլուզվել է, իսկ էս կողքը՝ իմը, որը ճաքեր է տվել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նոր Արեշի բնակչուհիներից մեկը՝ հավելելով, որ տուժածներից մեկն իր սկեսուրն է․ «Սկեսուրս մնացել էր փլատակների տակ, էս պահին հիվանդանոցում է»,- հավելել է նա։ |
Թարմացված․ «Պայթյունի ձայնը շատ ուժեղ էր, մենք 26-րդ փողոցում ենք ապրում, մինչև այդտեղ լսվել է»,- խոսելով Նոր Արեշ 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով երկու տուն է փլուզվել, ասել է բնակչուհիներից մեկը։ «Իմացանք՝ երկրաշարժ է, դուրս եկանք տնից։ Հարսս դողում էր»,- հավելել է նա։
Թարմացված․ ՀՀ ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երևան քաղաքի Նոր Արեշ թաղամասի 34-րդ փողոցում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ, որի հետևանքով ամբողջությամբ կամ մասնակի փլուզվել և վնասվել են մի քանի բնակելի տներ, ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետևանք)։
Ձևավորվել է քննչական խումբ։ Այս պահին, շարունակվող որոնողական և փրկարարական աշխատանքներին զուգահեռ, քննչական վերոնշյալ բաժնի քննիչների կողմից դեպքի վայրում իրականացվում են անհրաժեշտ և անհետաձգելի գործողություններ։
Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի ադյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմտիեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի»։