«Ինձանից առաջ եկածները գողեր են և ավազակներ» Հիսուս Քրիստոս, Հովհաննես 10:8հ
Որքան էլ որ հավանություն տամ հետընտրական այս զարգացումներին ու համակրեմ հանրահավաքների մասնակիցներին և հավանություն տամ իրադարձությունների զարգացմանը, միևնույն ժամանակ կան բաներ, որոնց դեմ եմ: Դեմ եմ ժողովրդի անունը շահարկելուն, քանի որ բոլոր քաղաքական ուժերն ու գործիչներն էլ հանդես են գալիս ժողովրդի անունից, բոլորն էլ հանուն ժողովրդի են «այրվում և զոհաբերվում», հանուն ժողովրդի բարօրության հարստահարում են նրան ու ինքնալիազորվում ժողովրդի անունից: Միշտ էլ համարել եմ և ժամանակն ու պատմությունը ցույց են տվել, որ գոնե Հայաստանում, ժողովրդի մասին մտածող չի էլ եղել: Ինչպես ասում էր Պողոս Առաքյալը՝ Քանզի ամեն մարդ իր բանն (շահը) է փնտրում: Ու ժողովուրդը, երջանիկ ապագայի կուտն ուտելով խաբվել է: Կուզենայի հավատալ, որ Րաֆֆին տարբեր կլինի իր նախորդներից, քանզի նախորդները հաստատեցին իմ համոզումները, կուզենայի հավատալ, որ արդարության համաժողովրդական ծարավն իսկապես իր հաղթական հագեցումը կունենա, բայց ի սեր Աստծո, այս անգամ մի խառնեք երիտասարդությանը, որքան էլ որ նրանք զարգացած, ուսյալ և սկզբունքային լինեն, միևնույնն է, նրանք դեռ հում են, ու մի համոզեք ինձ, որ նման կրակում են նրանք բովվելու, որ թրծվեն, մի փորձեք նվագել նրանց հայրենասիրության լարերի վրա, նամանավանդ, որ այդ նոտաները կարող են ֆալշ լինել: Գոնե մեկ պատճառ բերեմ, թե ինչու եմ այսպես կարծում:
Այս նույն երիտասարդությունը, Բազե-ների համահայկական հավաքների և այլևայլ ՀՀԿ-ական միջոցառումների ժամանակ, երգում ու պարում էին ՀՀԿ-ի զուռնի տակ՝ ուսերին ծածանելով հայկական եռագույնը: Ինչպես ասում են մեծերը, «էս էրեխեքն իրենց աջն ու ձախը դեռ չեն ջոկում»: Այսօր, մենք ականատես ենք դառնում քաղաքական զարգացող իրադարձությունների, որի մեջ կամա թե ակամա ներքաշվում է երիտասարդությունը և կարելի է եզրահանգում կատարել, որ այս կոնտինգենտին կարելի է մանիպուլյացիայի ենթարկել, շահագործել այդ ուժը և միևնույն ժամանակ կոտրել (վերջինից նրանք ապահովագրված չեն): Սխալ եմ համարում տակավին դեռ չզարգացած աշխարհայացքով և արժեհամակարգ չունեցող այս երիտասարդությանը՝ կտրել իր առօրյաից՝ ուսումից և ավելին՝ նրանց հենարան կամ թռիչքուղի դարձնել:
Երիտասարդությունը հզոր ուժ է, և իզուր չէ, որ 3 տասնյակն է, որ կոչվում երիտասարդ: Իսկ մինչ այդ տարիքը կարելի է համարել անձի ձևաորման և կայացման, ինչպես նաև փորձառություն ձեռք բերելու ժամանակահատված:
Այն, ինչ կատարվում է Հայաստանում, վերաբերվում է մեզ բոլորիս՝ անմիջականորեն: Թերևս սխալաբար, բայց կարծում եմ, որ այս ցույցերը ուսանողների համար պարզապես արկածախնդրություն է և ոչ ավելին: Չեմ ուզում սխալ հասկացվեմ, քանի որ անձամբ ես համակրում եմ երիտասարդական մղումներին, ձգտումներին, փնտրտունքներին և այլն, սակայն չէի ցանկանա նրանց տեսնել հուսալքված, խաբված, հիասթափված, կորցրած վստահությունը և հավատքը: Մի՞թե Մարտի 1-ի դեպքերից հետո, դա տեղի չունեցավ շատերի հետ: Քիչ առաջ մի ուսանող աղջնակի նկար տեսա, ով հանրահավաքի ժամանակ միջնամատ էր ցույց տալիս, նկարն ամենևին ինձ դուր չեկավ, թեև որակի մասին խոսք չկար, սակայն երևույթն էր մտահոգիչ, դա մեր հայուհու ժամանակակից կերպարն էր, կարդացի նկարի ներքևում մեկնաբանությունները և ի զարմանաս ինձ, հայտնաբերեցի, որ միայն ես չէի, որ իր զարմանքն էր արտահայտել: Քաղաքականությունն այնքան հին է, որքան և մարմնավաճառությունը և հաճախ է, որ սրանք նույնացվում են իրար: Թողեք երիտասարդներն անաղարտ մնան ու այս անգամ, թեև նրանց ապագայի հարցն է լուծվում, բայց թող ձեռնպահ մնան և այս անգամ մարտի գնան միայն ծերունիները, նրանք այլևս կորցնելու ոչինչ չունեն:
Մամիկոն Համբարյանի գրառումը
Ֆեյսբուք