▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոստանջյանը պահանջում է վերանայել մահացած և մարմնական վնասվածքներ զինծառայողների գործերը

Տարիներ շարունակ Հայաստանի Հանրապետության զինված ուժերում ոչ հակառակորդի գործողություններից մահացած և մարմնական վնասվածքներ ստացած զինծառայողների բազմաթիվ  քրեական գործերով անհրաժեշտ և բավարար քննություն չի իրականացվում: Ուստի ՀՀ Աժ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը այսօր՝ հունիսի 11-ին, շրջանառության մեջ է դրել ՀՀ Ազգային Ժողովի որոշման նախագիծ՝ «Մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու,
քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին
եզրակացություն ներկայացնելու համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու
մասին»:

   ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ

 ՄԱՀԱՑԱԾ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ՔՐԵԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎԵԼՈՒ, ԴՐԱՆՔ ԲԱՑԱՀԱՅՏԵԼՈՒ, ՄԱՀԱՑԱԾՆԵՐԻ ՀԱՐԱԶԱՏՆԵՐԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼՈՒ, ՔՆՆՈՒԹՅԱՆ ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՊԱՀՊԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածի և ՙԱզգային Ժողովի կանոնակարգ՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովը ՈՐՈՇՈՒՄ Է.

Ստեղծել ժամանակավոր հանձնաժողով (այսուհետ՝ Հանձնաժողով)՝ մահացած զինծառայողների քրեական գործերի քննության արդյունավետությունն ու թափանցիկությունն ապահովելու, դրանք բացահայտելու, մահացածների հարազատների մատնանշած հանգամանքները մանրակրկիտ ուսումնասիրելու, քննության ողջամիտ ժամկետները պահպանելու նպատակով ՀՀ Ազգային Ժողովին եզրակացություն ներկայացնելու համար:

 

  1. Հանձնաժողովի խնդիրներն են՝

ա) մահացած զինծառայողների քրեական գործերի ուսումնասիրությունը,

բ) մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներն ուսումնասիրելը:

  1. Հանձնաժողովն իր առջև դրված խնդիրներն իրականացնելիս իրավունք ունի՝

ա) Հանձնաժողովի որոշմամբ ցանկացած պետական և տեղական ինքնակառավարման մարմնից, պետական կամ համայնքային հիմնարկից, պետական կամ համայնքային կազմակերպությունից կամ դրանց պաշտոնատար անձանցից 10-օրյա ժամկետում պահանջել և ստանալ Հանձնաժողովում քննարկվող հարցին առնչվող անհրաժեշտ նյութեր ու փաստաթղթեր:

բ) Հանձնաժողովի որոշմամբ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ցանկացած մարմինների, հիմնարկների, կազմակերպությունների ղեկավարներին ու պաշտոնատար անձանց ոչ ուշ, քան երեք օր առաջ, գրավոր տեղեկացնելով հանձնաժողովի կողմից բարձրացրած հարցի քննարկման մասին՝ պահանջել՝ ներկա գտնվել հանձնաժողովի նիստին, տալ բացատրություններ հանձնաժողովի կողմից քննարկվող հարցի վերաբերյալ և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:

գ) Հանձնաժողովի որոշմամբ հրավիրել գործի հետ առնչություն ունեցող անձանց՝ քաղաքացիների, վկաների, տուժողների և այլոց, լսել նրանց բացատրությունները:

դ) Ծանոթանալ մահացած զինծառայողների քրեական գործերի նյութերին և մահացած զինծառայողների հարազատների մատնանշած հանգամանքներին:

ե) Հանձնաժողովի աշխատանքներում ներգրավել համապատասխան մասնագետների և փորձագետների:

  1. Հանձնաժողովի անդամները, Հանձնաժողովի որոշմամբ՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են այցելել ձերբակալվածների և կալանավորվածների պահելու վայրեր, հանդիպել անազատության մեջ գտնվող անձանց և ունենալ հանդիպում-ընդունելություն:
  2. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են մեկական պատգամավորներ Ազգային Ժողովի խմբակցություններից, և մեկ պատգամավոր՝ խմբակցությունների կազմում չընդգրկված պատգամավորներից:
  3. Պատգամավորները Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան խմբակցության ղեկավարի (քարտուղարի) ներկայացմամբ:
  4. Հանձնաժողովի կազմում ընդգրկելու համար խմբակցության կազմում չընդգրկված պատգամավորների թեկնածուներին Ազգային Ժողովի նիստում առաջարկում են պատգամավորները: Ընտրված է համարվում այն պատգամավորը, ով բաց քվեարկությամբ ստանում է առավել թվով ձայներ:
  5. Հանձնաժողովն իր կազմից ընտրում է նախագահ և տեղակալ: Հանձնաժողովի նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին: Հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրելու իրավունքը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին:
  6. Ազգային Ժողովի աշխատակազմը Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների համար սահմանված կարգով ապահովում է Հանձնաժողովի գործունեության համար օրենքով սահմանված անհրաժեշտ պայմաններ:
  7. Հանձնաժողովի լիազորությունները դադարում են 2016 թվականի մայիսի 1-ին:
  8. Հանձնաժողովն իր գործունեության արդյունքների մասին մինչև 2016 թվականի հունիսի 10-ը զեկուցում է Ազգային Ժողովի նիստում՝ ներկայացնելով եզրակացություն: Եզրակացության առնչությամբ առարկություններ ունեցող անդամները կարող են ներկայացնել հատուկ կարծիք, որը կցվում է զեկույցին:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее