Երեկ, հուլիսի 13-ին, կրակոցներ են հնչել Գորիսում՝ հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 00։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել երկու քաղաքացի։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ վիրավորները ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկություններ տալու, քանի որ գտնվում են վիրահատարանում։ Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, նրանք են՝ Գորիս քաղաքի բնակիչներ Հարություն Վարդանյանն ու Մելիքսեթ Բարսեղյանը, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Գորիս քաղաքի Ակսել Բակունցի հուշարձանին հարակից տարածքից։ Ըստ տեղեկությունների՝ նշված վայրում մարտաֆիլմ հիշեցնող փոխհրաձգություն է տեղի ունեցել որի ժամանակ էլ նշված անձինք վնասվածքներ են ստացել։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորներից Հ․ Վարդանյանը Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի Կարենի ընկերն է, իսկ Մ․ Բարսեղյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի աներորդին է։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգից արձակված մեծ թվով կրակված պարկուճներ և արնանման հետքեր։ Մանրամասները սկզբնաղբյուրում։