Երկու քարի արանքում.Եվրամիություն թե՞ Մաքսային միություն. Asekose.am-ի «Բացարձակ Արժեք» հաղորդման ընթացքում Նանե Բագրատունին քաղաքակետ Սուրեն Սուրենյանցի հետ զրուցում է Հայաստանի արտաքին քաղաքականության, ներքաղաքական և քաղաքացիական դրսևորումների մասին:
Նշենք, որ հարցազրույցը տեղի է ունեցել Սուրեն Սուրենյանցի ձերբակալությունից մեկ օր առաջ:
Հիշեցնենք, որ այս շաբաթ Երևանի Կենտրոն Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ Սուրեն Սուրենյանցի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու ստորագրությունը փոխարինվել է կալանքով: Դատարանը որոշում է կայացրել նաև քրեական գործի վարույթը կասեցնելու և նրա նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին: Նշենք, որ համաձայն Սուրեն Սուրենյանցին առաջադրված մեղադրանքի՝ նա քաղաքացի Հեղինե Սարգսյանին վստահությունը չարաշահելու և խաբեության եղանակով նրանից մաս-մաս ստացել է խոշոր չափի՝ ընդհանուր 530.000 ՀՀ դրամ գումար ու հափշտակել։
Ըստ դատական գործի, Հեղինե Սարգսյանը ցանկանում էր որդուն՝ Ռաֆիկ Սարգսյանին ընդունել տալ Վ.Սարգսյանի անվան ռազմական կրթահամալիր։
Ինքը` Սուրեն Սուրենյանցը լրատվամիջոցների հետ զրույցում նշել է, որ, ըստ էության քրեական գործ գոյություն չունի, և բացատրել է գործի էությունն ու ասել. «Ես իրավաքաղաքացիական հարաբերություներով պարտք եմ եղել Հեղինե Սարգսյանին և մարել եմ պարտքը։ Նա բողոք չունի։ Ես գումարը խոստացած օրից ուշացրել եմ, դրա համար է Հեղինե Սարգսյանը դիմել Աշտարակի ոստիկանություն, որտեղից նրան ուղարկել են Էրեբունու քննչական, որտեղից էլ կանչել են մարդկանց, ասել են՝ փող բերեք՝ գործը փակենք։ Եթե գործը փակված է, ինչու պետք է մաղարիչ արվի։ Նույնիսկ Հեղինե Սարգսյանն ինձ այսօր առավոտյան զանգել ու ասում է ՝ կարող է ինձ նստացնեն։ Ես շատ վաղուց եմ գումարը տիկին Հեղինեին վերադարձրել, ավելին ասեմ՝ ունենք կնքված փաստաթուղթ, որ պարտք - պահանջ չկա։Սա իրավաքաղաքացիական հարաբերություն է։ Ես չեմ հասկանում՝ ինչ պետք է քննի դատարանը, երբ որ պարտքը մարված է»։
Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի