▲ Դեպի վեր

Воскресенье, 06.04.2025 lang.iso lang.iso lang.iso

ՔՊ-ականները «սարքել են» Վիլեն Գաբրիելյանի գլխին

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի հետ կատարվածը «ճոճել» է ՔՊ-ի «նավը», ֆրակցիայից մի ստվար զանգված պատրաստվում է քննարկման առարկա դարձնել մյուս պատգամավորների վարքը, որոնք պարբերաբար աչքի են ընկնում ոչ ստանդարտ պահվածքով, սակայն մնում են անպատիժ, մինչդեռ Վիլեն Գաբրիելյանին համայնքը չներեց։

Դիցուք՝ Ալեն Սիմոնյանը թքեց, Արթուր Հովհաննիսյանը, Ռուստամ Բաքոյանը սպառնալից հայտարարություններ արեցին, Վահագն Ալեքսանյանն աքացի տվեց, Անդրանիկ Քոչարյանը վիրավորում է լրագրողներին, եւ ոչ ոք չպատժվեց, անգամ հրապարակային ներողություն չխնդրեցին, անսասան մնում են իրենց տեղում։

«Եթե Վիլենին չի կարելի, ապա չի կարելի նաեւ մյուսներին, եւ նրանք էլ պետք է մանդատից զրկվեն»,- ասաց ՔՊ-ականը։ Ընդ որում՝ խմբակցությունում կարծիք կա, որ գործընկերները սարքեցին Վիլենի գլխին, որ «փուռը տան» նրան, եւ Գյումրիում կրած պարտության հիստերիան Փաշինյանը նրա գլխին թափի։

Նշենք, որ Գյումրու ՔՊ շտաբում այդ օրը եղել են գրեթե բոլոր հայտնի ՔՊ-ականները, շտաբի աշխատանքների կուրացիան իրականացրել է Վահագն Ալեքսանյանը: Հենց ՔՊ-ականների հետ է Վիլենը խմել, իսկ ՔՊ-ում բոլորը գիտեն, թե ինչ է լինում, երբ Վիլենն ալկոհոլ է օգտագործում, ուստի պետք է թույլ չտային, որ փողոց դուրս գար»:

***

«Հրապարակ» թերթը գրում է. «Վիլեն Գաբրիելյանի` մանդատից հրաժարվելու որոշման հարցում ՔՊ-ում հակասական տեղեկություններ են պտտվում։ Նրա մտերիմները վստահեցնում են, որ որոշումը Վիլենինն է, որ «օյաղանալուց» հետո նա անձամբ դիտել է Գյումրիում իր արկածների տեսանյութերը եւ հասկացել, որ անվայելուչ վարք է դրսեւորել, ու մտերիմներին վստահեցրել է, որ պարտավոր է պատասխան տալ, ու մանդատից հրաժարվելու որոշումը Գյումրու դեպքերի հաջորդ օրը չի հրապարակել միայն ընկերների խնդրանքով, որոնք փորձել են համոզել, որ հետ կանգնի:

ՔՊ-ի մյուս թեւը ճիշտ հակառակն է պնդում՝ Վիլեն Գաբրիելյանը, նախապես իմանալով, որ երեքշաբթի օրը վարչությունում իր հարցը լուծվելու է, առաջ է ընկել ու տարածել նման հայտարարություն։

Գյումրու դեպքերի հաջորդ օրը նա եղել է ԱԺ-ում, շփվել գործընկերների հետ եւ լուտանքներ ստացել նրանցից, թե ինչպես կարող էր խայտառակել իրենց: Երեկոյան, երբ տեղեկացրել են, որ իր հարցը հասել է վարչություն, ու պետք է ներկայանա բացատրություններ տալու, շտապել է հայտարարություն անել։

Մանդատից հրաժարվելու հայտարարությունում նա նշել է․ «ԱԺ պատգամավորն իր առաքելությունում պարտավոր է չդրսեւորել անհարկի վարքագիծ», եւ տեղեկացրել է, որ ինքնառաջադրվում է ՔՊ կուսակցության վարչության առաջիկա ընտրություններում՝ որպես վարչության անդամի թեկնածու։

«Ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունն ունի լրջագույն առողջացման եւ կերպարանափոխման կարիք»,- գրել է Վիլեն Գաբրիելյանը՝ առանց մանրամասնելու, թե ինչ առողջացման մասին է խոսքը:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ վերջին միտքը եւս հուշում է, որ Գաբրիելյանն ինքնակամ չի հեռանում եւ ակնարկում է, որ կուսակցությունում «հիվանդներ» շատ կան, ինքը միակը չէ»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее