Նախկինում ԲՀԿ-ական, այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ դժգոհեց նիստը վարող Ալեն Սիմոնյանից, թե ինչու է նա շտապեցնում, որ արագ քվեարկեն, գնան։
«Մենք եկել ենք ստեղ աշխատելու համար, ժողովուրդ ջան, լիքը լուրջ հարցեր կան, ուզում եք ո՞ւր էթանք, «կոխցրած» շուտ-շուտ քվեարկենք՝ հարց մի՛ տվեք, ձեն չհանեք, սուս։ Չի՛ կարելի, ժողովուրդ ջան, մենք աշխատավարձ ենք ստանում ու բարձր աշխատավարձ ենք ստանում, և պետք ա մեր հարցերով պարզաբանենք էս օրենքները։ Հիմա մենք օրենք ենք ընդունել, էս օրենքը հարցրեք, եթե մի քաղաքացի իմանա՝ ինչի մասին էր, ականջներս կտրեմ։ Բա ինչի՞ ենք եկել»,- ասաց Բագրատյանը։
Բագրատյանն ականջները չկտրեց, իհարկե, քանզի ոչ ոք քաղաքացիներին չհարցրեց՝ ինչ օրենք էին քննարկում և ինչի մասին էր այդ հարցը, բայց չի բացառվում՝ հետո Բագրատյանին ուրիշ բանից կտրեն, ասենք՝ իշխանությունից, մանդատից, իշխանության ատրիբուտ հանդիսացող այլ բաներից, քանի որ նախ՝ նրա ելույթից հետո բավականին կոշտ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, որին պարոն Բագրատյանը «ջան»-ով դիմեց, հետո նա MediaHub-ին հարցազրույց տվեց ու զրույցի ընթացքում իրենից անկախ կամ գիտակցաբար հայրենասիրական, Արցախի և արցախահայերի շահերից բխող հայտարարություններ արեց և ինքնաքննադատությամբ հանդես եկավ՝ ընդունելով, որ իրենք էլ իրենց մեղքի բաժինն ունեն։ Բագրատյանի մոտ, հավանաբար, կա՛մ նախկինների գեներն են գլուխ բարձրացրել, քանզի նա մինչև 2018 թվականը եղել է նախկին իշխանության հետ պերմանենտ կոալիցիայի մեջ գտնվող քաղաքական ուժի՝ ԲՀԿ անդամ, կա՛մ ուղղակի որոշել է շեղվել ՔՊ-ի քաղաքական գծից և հայրենասիրական մտքեր արտահայտել, Արցախին Արցախ ասել, ոչ թե մյուս ՔՊ-ականների նման՝ ԼՂ, խոսել նաև արցախցիների՝ Արցախ հավանական վերադարձից, այն էլ՝ հենց Արցախի դրոշի ներքո։
«Մենք պետք է հասնենք նրան, որ էդ տարածքում բնակվեն մեր հայրենակիցները»,- բառացի հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավորը՝ պատասխանելով հարցին, թե Արցախի վերադարձ հնարավո՞ր է մի օր, թե՞ վերջնական փակված է էջը։
Երբ ճշտեցինք՝ ո՞ր դրոշի ներքո, մե՞ր, թե՞ որևէ այլ երկրի, նա ասաց․ «Արցախի դրոշի ներքո»։
Անկեղծ ասած՝ մի փոքր անհանգստացանք Սերգեյ Բագրատյանի համար, որովհետև հնարավոր է՝ այս հարցազրույցից հետո Արցախը հանձնած իր թիմակիցներն ընկնեն պարոն Բագրատյանի հետևից ու որոշեն պատժել նրան այս ակնհայտ պրոարցախյան ու սկանդալային հայրենասիրական հայտարարություններ անելու համար։ Ուստի խնդրեցինք, որ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանը որոշի պատժել իրեն այս՝ իրենց համար տարօրինակ հայրենասիրության համար, հանկարծ մեզ չմեղադրի դրա համար։