Հատուկ քննչական ծառայությունում երկու քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահման և պաշտոնեական կեղծիք կատարելու փաստերով:
Այսպես, Երևանի բնակիչ Հասմիկ Զ.-ն ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հաղորդում է տվել այն մասին, որ իրեն հարցաքննած քննիչը ձեռագրով գրված իր ցուցմունքը համակարգչով տպագրելու ժամանակ փոխել և դրանում ներառել է ակնհայտ կեղծ տեղեկություններ` այդ թվում հարցաքննության իրականացման ժամանակահատվածի վերաբերյալ: Այնուհետև առանց բովանդակությանը ծանոթացնելու ստորագրության է ներկայացրել Հասմիկ Զ.-ին:
Մյուս քրեական գործը հարուցվել է ՀՀ ԱՆ Հրազդան քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արծրուն Գ.-ի դիմումի հիման վրա: Վերջինս, մասնավորապես, հայտնել է, որ Կոտայքի քննչական վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը խեղաթյուրել է իր` որպես կասկածյալի հայտնած տվյալները և հարցաքննության արձանագրությունը տպագրել բոլորովին այլ բովանդակությամբ, այնուհետև ստիպել է առանց ծանոթանալու ստորագրել այն: Բացի այդ, նույն քննիչը դատական նիստից առաջ Արծրուն Գ.-ին համոզել է գործով վարույթին պաշտպան չներգրավել` խոստանալով կալանքի փոխարեն նրա նկատմամբ այլ խափանման միջոց ընտրել, սակայն խոստումը չի կատարել, և վերջինս կալանավորվել է:
Այսպիսով, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ
մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն
ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: