Նորածինների ապօրինի որդեգրման գործով երեկ ձերբակալված Ռազմիկ Աբրահամյանը ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այս մասին ասել է նրա պաշտպան Սամվել Դիլբանդյանը։

«Ձերբակալումից հետո իմ պաշտպանյալի ինքնազգացողությունը վատացել է, բավականին, ծայրաստիճան ծանր վիճակով տեղափոխել են «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այժմ գտնվում է սրտանոթային բաժնի ռեանիմացիայում»,- ասաց նա: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանը հավելեց. «ճնշումը, շաքարն այնքան են բարձրացել, որ իրեն ադեկվատ չի զգում»։
«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ պաշտպանի խոսքով՝ Աբրահամյանն ունի սրտային անբավարարություն, նրա մոտ եղել է ինսուլտային վիճակ, շաքարի բարձրացում, ճնշումը հասել է 200-ի. «Բավականին ծանր վիճակում է. ես մտածում եմ՝ եթե նրան շարունակեն անազատության մեջ պահել, 76 տարեկան մարդը դժվար թե այդ պայմաններում կարողանա ապրել»։
Հիշեցնենք, որ երեկ բացի Ռազմիկ Աբրահամյանից՝ ձերբակալվել են նաեւ «Հանրապետական» ծննդատան փոխտնօրեն Արշակ Ջերջերյանը, «Երեւանի մանկան տուն» ՊՈԿԱ-ի տնօրեն Լիանա Կարապետյանը եւ եւս մեկ անձ, որի ինքնությունը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ՝ նոյեմբերի 14-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել, որ Իտալիայի քաղաքացիները Հայաստանում, մեր երկրի օրենսդրության կոպիտ խախտմամբ, որդեգրել են ավելի քան 30 երեխաների: ՀՀ 2 քաղաքացիներ, օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, այդ թվում եւ ՀՀ մի շարք գերատեսչություններում ու մանկատներում, ապօրինի կազմակերպել են երեխաների որդեգրումները:
Դրանից հետո հրապարակումներ էին եղել, որտեղ նշվում էր, որ այս ամենին մասնակից մանկաբարձական հաստատությունը Պերնատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի ինստիտուտն է («Հանրապետական ծննդատուն»), իսկ բժշկական փաստաթղթերում ծննդատան նշած մտացածին ախտորոշումներն օգտագործած եւ ՀՀ քաղաքացիներին այդ երեխաների որդեգրումը խոչընդոտած հաստատությունները՝ «Երեւանի մանկան տուն» եւ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ները:
Դիտեք նաև՝


