▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՌՈՒԲԵՆ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ հերթական զոհը «Փյունիկ»-ի ԲԺԻՇԿՆ Է

ԱԺ արդեն նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանն այդպես էլ չի հանդարտվում: Ճակատագրի հեգնանքով, թե ուղղակի պատահականությամբ Հայրապետյանի հերթական զոհը ևս բժիշկ է:

Այս մասին գրում է Լուրեր.com-ը և նշում, որ նոյեմբերի 7-ին «Փյունիկ»-ը պարտություն է կրում «Գանձասար»-ից: Պարտությունը հերթական անգամ կատաղության է հասցնում Հայրապետյանին. պաշտոնանկ են արվում ակումբի գլխավոր մարզիչը, բժիշկը, դարպասապահների մարզիչը: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ բժիշկ Վարդան Հովասափյանը հեռացվում է՝ խաղի ընթացքում ծանր վնասվածք ստացած Ղուկաս Պողոսյանին պատշաճ բժշկական օգնություն չցուցաբերելու, այնուհետև մարզական կարգապահությունը խախտելու, ոչ սթափ վիճակում գտնվելու համար (ոգելից խմիչքի օգտագործում և խնջույքային տրամադրության առկայություն): Այս ամենը, իհարկե (խոսքը պաշտոնական բացատրության մասին է), համապատասխանում է ակումբի կարգապահական կանոններին, այսինքն՝ Հայրապետյանն ուներ բոլոր հիմքերը՝ իրենց պարտականությունները պատշաճ կարգով չկատարողներին հեռացնել աշխատանքից: Սակայն, պարզվում է, աշխատանքից հեռացնելուց ու կարգապահական տույժերից զատ, Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը նաև անձամբ է «պատժում» բժիշկ Հովասափյանին, բնականաբար, իրեն բնորոշ ոճով:

Լուրեր.com-ի ունեցած տեղեկություններով՝ բժիշկ Վարդան Հովասափյանը դաժան ծեծի է ենթարկվել Ռուբեն Հայրապետյանի կողմից և ծանր վիճակում՝ դեմքը կարված, ծնոտը կոտրած, դուրս է եկել ֆեդերացիայից: Ընկերներից մեկի այն հարցին, թե ո՞վ է արել, Հովասափյանը պատասխանել է՝ «Ռուբեն Հայրապետյանը», որից հետո շտապ նստել է տաքսի ու հեռացել:

Այս պահի դրությամբ Հովասափյանի գտնվելու վայրն անհայտ է, հեռախոսահամարները՝ անհասանելի: Նույնիսկ ընտանիքի անդամները տեղեկություն չունեն վերջինիս գտնվելու վայրի կամ որպիսության մասին:

Այն, ինչ կատարվեց Վահե Ավետյանի ու նրա ընկերների հետ, բացառություն էր: Վահեն ո՛չ առաջինը, ո՛չ էլ վերջինն էր՝ չափ ու սահմանը կորցրած հայրենական արտադրության օլիգարխների զոհերի շարքում: Սակայն Վահեի մահը բացառություն էր այնքանով, որ հայտնի դարձավ ու ցնցեց հանրությանը՝ իր դաժանությամբ: Սակայն, ինչպես տեսնում ենք, այդ ամենից Հայրապետյանն այդպես էլ դասեր չքաղեց:

Կգտնվի՞ Վարդան Հովասափյանը, ի՞նչ վիճակում կգտնվի, կհամարձակվի՞ ձայն հանել ու պատմել իր հետ կատարվածը, այս պահի դրությամբ ասել չենք կարող: Հուսով ենք միայն, որ կատարվածը ոստիկանության կողմից կընդունվի՝ որպես հաղորդում հանցագործության մասին, որից հետո արդեն հայրենի իրավապահները կձեռնարկեն համապատասխան միջոցառումներ՝ Հովասափյանի գտնվելու վայրի ճշտման և հերթական ողբերգության կանխման ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Պատահարներ далее