Երեկ, ապրիլի 8-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուրգեն Մահարու փողոցի 127/1 հասցեում անհայտ անձը պայթյուն է իրականացրել, որի հետևանքով այրվածքով անձ կա։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, կարճ ժամանակ անց հերթական ահազանգն է ստացվում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որ նշված հասցեում ոմն Էդոն պայթուցիկներ է պայթեցնում։ Որոշ ժամանակ անց ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվում «Այրվածքաբանության» կենտրոնից, որ «գլխի, պարանոցի, կրծքավանդակի, մեջքի շրջանի 3-րդ, 4-րդ աստիճանի այրվածքներ» ախտորոշմամբ շտապօգնության 46 խումբը բուժօգնության է տեղափոխել մի քաղաքացու։
Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնում են որ տեղափոխվածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու։ Ոստիկաններն ու քննիչները պարզում են, որ վիրավորը Գ․ Մահարու փողոցի բնակիչ 38-ամյա Արշակ Ղ․-ն է։
Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, Էրեբունու ոստիկանները ձեռնարկած անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական հետո նրանց միացած քննչական խմբի հետ քննչական գործողությունների արդյունքում պարզում են, որ նույն օրը շենքի շքամուտքում վիճաբանության ժամանակ Երևանի բնակիչ 39-ամյա Էդգար Ղ․-ն Արշակ Ղ․-ի գլխին դիտավորությամբ լցրել է դիզվառելիք, այրել, իսկ հետո ճայտրուկ է նետել նրա վրա։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները հայտնաբերել են նրան, ով բերման է ենթարկվել ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից ներկայացվել է քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ՝ որպես կասկածյալ, ձերբակալվել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով կասկածյալն աշխատում է հացթուխ, նա և տուժածը հարևաններ են։
Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում