Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները հոկտեմբերի 28-ին այցելել են Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշ 11 փողոցի 63 տուն, որտեղ, ըստ ստացված օպերատիվ տեղեկությունների, 2005 թվականի սեպտեմբեր ամսին տեղի է ունեցել առանձնակի դաժանությամբ սպանություն, եւ սպանության հետքերը կոծկելու նպատակով սպանությունը կատարողը դին թաղել է տան նկուղում՝ մոտ 1.5 մետր խորության մեջ։
Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Հատուկ մասնագետները, փորելով նշված վայրը, այնտեղից դուրս են բերել մարդկային ոսկորներ, գանգ, կոշիկ, քրքրված հագուստներ։
Սպանվածը նույն հասցեի բնակիչ՝ 82-ամյա Նինա Յաղուտյանն էր, իսկ նշված սպանությունը կատարելու կասկածանքով Էրեբունու ոստիկանների կողմից բաժին է բերման ենթարկվել 46-ամյա Վարդան Սիմոնյանը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մինչեւ հողում թաղելը, նա իր զոհին խեղդամահ է արել, մինչ այդ էլ փորձել է հոսանքահարելու միջոցով սպանել, սակայն, տեսնելով, որ զոհը հոսանքից չի մահացել, խեղդել ու թաղել է տան նկուղում։
Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, կասկածյալ Վ. Սիմոնյանը ձերբակալվել է։
Հանցագործության վայրում հավաքված քաղաքացիները նշել են, որ իրենք իմացել են, թե Նինան Հայաստանից գնացել է։
Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում