Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը 2013թ.-ին ավելացել է` հասնելով 131-ի, ինչը դարձել է պատմական ռեկորդ. այս մասին հաղորդում է «Լենտա»-ն` հղում անելով CEO ամսագրին: Միլիարդատերերի թիվը 1 տարում ավելացել է 11-ով։ 2012թ. Ռուսաստանում բնակվել է 1 մլրդ դոլարից ավելի եկամուտ ունեցող 120 գործարար, իսկ 2011թ.՝ 114:
2013թ. ցուցակում ներառված միլիարդատերերի ընդհանուր կարողությունը գնահատվել է 147 մլրդ դոլար։
CEO-ի հրապարակած վարկանիշային աղյուսակի համաձայն՝ Ռուսաստանի ամենահարուստ մարդն է «Մետալինվեստ»-ի («Металлоинвест») սեփականատեր Ալիշեր Ուսմանովը. նրա կարողությունը գնահատվում է 18,72 մլրդ դոլար։
Վարկանշային աղյուսակից դուրս չեն մնացել նաև ՌԴ հայազգի գործարարները. «Ռոսգոսստրախ» («Росгосстрах») ապահովագրական ընկերության համասեփականատեր Դանիլ Խաչատուրովը 38-րդ հորիզոնականում է՝ 2,89 մլրդ դոլար։ Նրան հաջորդում է հարազատ եղբայր Սերգեյ Խաչատուրովը, ում կարողությունը նույնպես 2,89 մլրդ դոլար է գնահատվում:
Ռուսաստանում գործող մեկ այլ հայազգի գործարար Սամվել Կարապետյանը, ով «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն ու հիմնական սեփականատերն է, հայտնվել է 62-րդ հորիզոնականում՝ 1,90 մլրդ դոլար ունեցվածքով։
92-րդ տեղում հայտնվել է Նիկոլայ Սարկիսովը, ով «Ռեսո գարանտիա» («Ресо-гарантия») ընկերության փոխտնօրենն է և ունի 1,33 մլրդ դոլար կարողություն։ 93-րդ տեղում էլ նրա եղբայր Սերգեյ Սարկիսովն է` «Ռեսո» («Ресо») և «Ռեսո գարանտիա» («Ресо – гарантия») ընկերությունների խմբի տնօրենների խորհրդի նախագահը` 1,33 մլրդ դոլարով։