Կրեմլը մեծ նշանակություն է տալիս մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպմանը։ *** |
Եվրասիական տնտեսական միությունը նախագահող Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգլխավորի կազմակերպության հոբելյանական գագաթնաժողովը, որը տեղի կունենա Մոսկվայում մայիսի 8-ին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Նիստը նվիրված է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրման տասնամյակին»,- հիշեցրել է Ուշակովը և հավելել, որ հոբելյանական գագաթնաժողովը ԵԱՏՄ երկրների ղեկավարները որոշել են անցկացնել Մոսկվայում և այն կանցկացվի Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ։ |
***
Հայրենական Մեծ պատերազմում հաղթանակի 79-ամյակին նվիրված Հաղթանակի շքերթին, որն անցկացվելու է Մոսկվայի Կարմիր հրապարակում, մասնակցելու են ԱՊՀ-ի, Ռուսաստան-Բելառուս միութենական պետության, ՀԱՊԿ-ի, ԵԱՏՄ-ի, ՇՀԿ-ի ղեկավար կազմի ներկայացուցիչներ, բարեկամ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ռազմական կցորդներ, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ Շքերթին մասնակցելու են նաև Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի ղեկավարները, առանձին հրավեր է ուղարկվել Կուբայի, Գվինեա Բիսաուի, Լաոսի ղեկավարներին։ «Հայաստանի վարչապետը չի կարող մասնակցել»,- ասել է Ուշակովը՝ հավելելով, որ ներկա չի լինելու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Պատճառն այն է, որ Ադրբեջանում նույն ժամանակ Հեյդար Ալիևի հիշատակին նվիրված արարողություններ են անցկացվելու»: |