Վերջին մեկ ամսում տեղի են ունենում ներքաղաքական իրադարձություններ, որոնք կարող են տպավորություն ստեղծել, իբրև թե Սերժ Սարգսյանը, հերթական ընտրություններից չորս տարի առաջ, աստիճանաբար հանձնում է իշխանությունը:
Համառոտ հիշեցնեմ իրադարձությունները. Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ 2017-18թթ-ից հետո չի հավակնում ղեկավարել երկիրն որևէ կարգավիճակով, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը պարզաբանեց, որ այսուհետ առաջնային դերը պատականելու է ոչ թե անձին, այլ՝ կուսակցությանը: Խոսվեց սահմանադրական ռեֆորմի մասին, որը ենթադրում է անցումը խորհրդարանական կառավարմանը, կազմավորվեց նոր կառավարություն, որում քիչ չեն Քոչարյանի շրջանի մարդիկ:
Այս ամենը տպավորություն է ստեղծում, թե իբր Սարգսյանի իշխանությունը թուլացել է:
Իրականում վստահ եմ, որ նման բան չկա: Ավելին՝ համոզված եմ, որ նախագահը լիովին վերահսկում է իրավիճակը:
Իսկ իմիտացիան ձևավորելու իմ վարկածն այն է, որ առաջիկայում սպասվում են արտաքին քաղաքական լուրջ իրադարձություններ, ասենք՝ հայ-թուրքական հարաբերությունների, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացում: Գուցե դրանք այնքան էլ ցանկալի չեն Հայաստանի իշխանության կամ նրա մոսկովյան սպոնսորի համար, ու Սերժ Սարգսյանը պատասխանատվության միտումնավոր վերահասցեագրում է անում՝ արտաքին ճակատում ժամանակ շահելու, իսկ ներսում պոտենցիալ քավության նոխազներ ՙաճեցնելու՚ համար:
Սա ընդամենը վարկած է, որը, սակայն, ունի գոյության հնարավորություն՝ առնվազն այն պատճառով, որ վերջին շրջանի ներքին զարգացումները զուրկ են տրամաբանությունից:
Սերժ Սարգսյանը միտումնավոր է իշխանությունը օտարելու իմիտացիա ստեղծում
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet