Ճանապարհային ոստիկանության ծառայողները հուլիսի 18-ին՝ ժամը 04.10-04.40-ն ընկած ժամանակահատվածում, Երեւան-Սեւան-Իջեւան ճանապարհի 70-րդ կիլոմետրին փորձել են կանգնեցնել «ԳԱԶել» բեռնատարը, որը երթեւեկել է Ճամբարակից Երեւանի ուղղությամբ: Վարորդը չի ենթարկվել «Կանգ» ազդանշանին: Կապի միջոցով հայտնել են Սեւանի ՃՈ անշարժ հենակետ, որտեղ ճանապարհային ոստիկաններն ու ոստիկանության ՊՊԾ գնդի 3-րդ հատուկ գումարտակի ծառայողները ստեղծել են արհեստական խոչընդոտ: «ԳԱԶել»-ի վարորդը կրկին չի ենթարկվել ոստիկանների պահանջին, շարունակել է երթեւեկել եւ հարվածելով ոստիկանական ավտոմեքենային դիմել է փախուստի:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, քիչ անց, վարորդը դուրս է եկել երթեւեկելի գոտուց ու շարունակել վարել Գագարինավանի հարակից դաշտամիջյան ճանապարհով, որտեղ հարվածել է քարերին ու կանգնել: Վարորդը փակել է դռները եւ դիմել փախուստի:Պարզվել է, որ ավտոմեքենան բեռնված է շուրջ 2 խմ վառելափայտով:Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ «ԳԱԶել»-ի վարորդը Տավուշի մարզից՝ 34-ամյա մի տղամարդ է: Բացատրական աշխատանքների շնորհիվ, հուլիսի 19-ին նա ներկայացել է ոստիկանության Սեւանի բաժին եւ բացատրություն տվել, որ «ԳԱԶել»-ում հայտնաբերված վառելափայտը հուլիսի 17-ին ձեռք է բերել Հաղարծին գյուղից:
Բեռնատարը՝ վառելափայտով, տեղափոխվել է ոստիկանության Սեւանի բաժնի հատուկ պահպանվող տարածք:Քննությունը շարունակվում է: