Երեկ՝ մարտի 8-ին, մամուլում լուրեր էին շրջանառվում, ըստ որոնց՝ «Սեմուր ընդ Կո» ընկերության սեփականատեր Գուրգեն Վիրաբյանի որդին՝ Արմեն Վիրաբյանը, քաղաքում շրջել է թիկնազորի ուղեկցությամբ և զենք-զինամթերք պահելու կասկածանքով բերման ենթարկվել ոստիկանություն:
Asekose.am-ը զրուցել է անձամբ Արմեն Վիրաբյանի հետ՝ պարզելու, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել և ինչու՞ է նա հայտնվել ոստիկանական բաժանմունքում:
«Անկեղծ ասած՝ չէի պատկերացնի, որ ինձ հետ նման դեպք կարող է պատահել, քանի որ երբեք սկանդալային պատմությունների մեջ ներգրավված չեմ եղել, նախկին և ներկայիս իշխանությունների հետ խնդիրներ չեմ ունեցել և չունեմ, ինչպես որ գրում են տարբեր լրատվամիջոցներ»,- նշեց Արմենը և ներկայացրեց մանրամասներ՝ երեկ իր հետ կատարված միջադեպից.
«Մինչ ինձ ոստիկանություն տանելը, գնացել էի օդանավակայան, արտերկրից հյուրեր ունեի, իրենց պետք է դիմավորեի և ուղեկցեի հյուրանոցներից մեկը: Այդպես, այդ ամենն անելուց հետո Աբովյան-Արամի փողոց խաչմերուկում, ժամը 19:30-ի սահմաններում տեղի ունեցավ այդ «շոուն»: Ամեն ինչ միանգամից տեղի ունեցավ, այնքան հանկարծակի, որ անգամ չէի հասկանում՝ ի՞նչ էր տեղի ունենում: Երկու մեքենայով էինք, քանի որ հյուրերիս թիվը մեծ էր: Մեքենաներից մեկում միայն ես էի, մյուսում՝ վարորդը: Ոստիկանները մոտեցան, շղթայեցին ձեռքերս, խայտառակ արեցին բոլորի առջև և բերման ենթարկեցին»,- պատմեց Արմեն Վիրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ մեքենաները խուզարկելուց հետո, սակայն, իրեն անմիջապես բաց են թողել, քանի որ որևէ բան հայտնաբերել, ոստիկաններին չի հաջողվել.
«Ոստիկանությում հասկացան, որ սխալ բան են արել և որ իրենց ունեցած տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: Սա «շոու» էր, որը չգիտեմ, թե ու՞մ էր պետք: Մոտ մեկ ժամ ոստիկանությունում մնալուց հետո ինձ ազատ արձակեցին: Ես 12 տարի ապրել եմ Լոնդոնում, այնտեղ կրթություն եմ ստացել, ներկայումս զբաղված եմ բիզնեսով, ընդհանրապես հեռու եմ այն ամենից, ինչի համար ինձ տարել էին ոստիկանություն»,- մեզ հետ զրույցում նկատեց Արմեն Վիրաբյանը:
Հեղինակ՝ Ս. Խաչատրյան


